Երևանի «Ջրերի խանութների» հետքերով. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանի «Ջրերի խանութների» հետքերով. armeniasputnik.am

Կարծում ենք` այսօրվա սերունդը դժվար թե պատկերացնի, որ կարելի է խանութի սպասասեղանի մոտ միաժամանակ և՛ հյութ ըմպել, և՛ առևտուր անել, սակայն ժամանակին դա իսկապես հնարավոր էր: Նման խանութներ կամ առանձին բաժիններ մեծ պարենային խանութներին կից բացվել էին Երևանում արդեն 1960-ականների սկզբին: Յուրահատուկ ներքին հարդարանքով և պատերի նկարազարդումներով արված հանքային ջրերի և մրգային հյութերի այդ ֆիրմային խանութները միանգամից դարձան մեր քաղաքի հայտնի այցեքարտն ու հենց այդպես էլ պաշտոնապես անվանվում էին` «Ջրերի խանութներ»:

Երևանի կենտրոնում ջրերի և հյութերի խանութները մի քանիսն էին: Այդ խանութներից, թերևս, ամենահայտնին տեղակայված էր Աբովյանի և Բուզանդի փողոցի անկյունային շենքի առաջին հարկում: Դա Հանրապետության հրապարակին կից գտնվող հայտնի «Ջրերի խանութն» էր։ Այսօր այդ խանութի տեղում գործում է «Դայմոնդ» ռեստորանը:

Հետաքրքիր է, որ մեկ դարից էլ ավելի պատմություն ունեցող այս շենքում այն ժամանակ՝ 20-րդ դարի սկզբին նույնպես գործել է նմանատիպի մի խանութ, որտեղ հին երևանցիները վայելել են Երևանի «Լաստո» գործարանի զովացուցիչ ըմպելիքներն ու «Զանգա» գործարանի թարմ գարեջուրը:

Հանքային ջուր, լիմոնադ, գարեջուր և մրգային հյութեր. ահա ապրանքների այն տեսականին, որոնք առկա էին ջրերի խանութներում: Ուշագրավն այն էր, որ այստեղ կարելի էր «ոտքի վրա» ըմպել սառը հանքային ջուր կամ լիմոնադ, բայց ոչ գարեջուր՝ այն վաճառվում էր միայն դուրս տանելու համար, և այդ կարգը միշտ խստագույնս պահպանվում էր:

Այժմ ներկայացնենք ամենակարևորը. Վաճառողը, ձեր ցանկությամբ, խանութի սպասասեղանի վրա տեղադրված մեծ ապակյա ձագարաձև տարաների ծորակներից բաժակների մեջ էր լցնում և մատուցում լոլիկի, դեղձի, ծիրանի, խնձորի կամ խաղողի հյութ: Ձագարաձև տարաների պարունակությունը մշտապես թարմացվում էր սառնարանում սառը վիճակում պահվող հյութով, բայց ոչ սառույցով: Հյութի մեկ բաժակի գինը 10-ից մինչև 15 կոպեկ էր: Լոլիկի հյութի համար առանձին դրված էին գդալներ և աղ` ըստ նախընտրածի աղն ավելացնելու համար: Շատերը կհիշեն, որ աղը, որպես կանոն, խոշոր էր լինում, և ինչքան էլ գդալով խառնեիր, միևնույն է՝ այդպես էլ մինչև վերջ չէր լուծվում։

Այն ժամանակ դեռ գոյություն չունեին միանգամյա օգտագործման պլաստիկ բաժակներ, և հյութն ըմպելու համար օգտագործվող ապակե բաժակները լվացվում էին հատուկ սարքի միջոցով: Սարքի գործելու սկզբունքը շատ պարզունակ էր: Պատկերացրեք բոլոր կողմերից փակ մի ցայտաղբյուր. վաճառողը բացում էր լվացող սարքի դռնակը և տեղադրում այնտեղ լվացման ենթակա բաժակները: Հետո փակում էր դռնակը, սեղմում ցայտաղբյուրի միացման ծորակը, և բաժակները համարվում էին լվացված: Ինչևէ, կարևորը՝ հյութը համեղ էր, բնական ու անարատ, և, ինչպես հիմա են ասում, առանց ԳՁՕ-ի՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների:

Վերջում տեղեկացնենք, թե որտեղ էին գտնվում Երևանի կենտրոնի ջրերի և հյութերի մյուս խանութները: Նրանցից ամենամեծն Աբովյան փողոցի «Մանկական աշխարհ» հանրախանութին կից մեծ պարենայինում էր՝ այսօր այստեղ «Մարկո Պոլո» սրճարանն է: Այդ խանութներից կային նաև Մաշտոցի պողոտայում` ներկայիս «Զիգզագ» խանութի հարևանությամբ, Օպերայի մոտ` «Կազիրոկ» սրճարանի մոտակայքում, և «Դերասան» խանութին կից՝ «Նաիրի» կինոթատրոնի մոտ: Հիշատակենք նաև Թումանյան փողոցի «Անուշ» պարենային մեծ խանութը և Տերյան փողոցում՝ ներկայիս Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի դիմացի մայթին գտնվող խանութի ջրերի և հյութերի բաժինը:

armeniasputnik.am