Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն է
Advertisement 1000 x 90

Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն է

168.am-ին մոտ կանգնած աղբյուրների վկայությամբ՝ Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն է: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանին հրահանգել են հնարավորինս արագ ավարտին հասցնել նախարարությունում կիսատ թողած աշխատանքները և պատրաստվել հեռանալ:

Նախարարի պաշտոնակատարն ինքը կարծես չի հերքում անկայուն իրավիճակի առկայությունը: Սրա վկայությունն են Հասմիկ Պողոսյանի տրամադրության   վերջին օրերի ընդգծված անբարյացակամ դրսևորումները լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ով  անսովոր լռության շղարշի տակ է պահում սեփական պաշտոնանկության մասին լուրերը և զերծ մնում հրապարակային  սպառիչ մեկնաբանություններից:

Ավելի վաղ մշակութային շրջանակներում խոսակցություններ էին շրջում, թե  սույն տիկնոջ համար է պահվում   Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը:

Ի դեպ, նաև կարծիք կար, որ  Հ. Պողոսյանի քաղաքական վաղեմի ձգտումն է   եղել Իտալիայում ՀՀ արտաքին և լիազոր դեսպանի պաշտոնը, որն անկատար մնաց:

Թե մինչ այսօր նախնական ի՞նչ պայմանավորվածություններ կարող էին փոփոխության ենթարկվել կամ չեղյալ հայտարարվել՝ հայտնի է միայն կառավարական նեղ շրջանակներին, բայց այն, որ Մշակույթի ամենաերկարակյաց նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարմանը հաշված օրեր են մնացել, թերևս, պարզ է:

Հայտնի է նաև, որ քաղաքական շրջանակներում, որպես Մշակույթի նոր նախարարի պաշտոնի առավել հավանական թեկնածու՝ արդեն տևական ժամանակ շրջանառվում է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանի անունը:

Թե ի՞նչ հուն կմտնեն ներքաղաքական զարգացումները. ու ի՞նչ տեսք կստանա Կառավարության նոր կազմը, պարզ կդառնա մոտ ապագայում:

168.am