Հայաստանում բավականին բարձր է կեղծ, ոչ արտոնագրված ծրագրերի օգտագործումը՝ հայտնի որպես հենություն: BSA կազմակերպության տվյալներով, Հայաստանն այս ցուցանիշով գտնվում է երրորդ տեղում՝ զիջելով միայն Վենեսուելային և Զիմբաբվեին: Դրա մասին է նշում «Microsoft» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիանա Կորկոտյանը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում:
«Հայաստանում հենության ցուցանիշը բավականին բարձր է, կազմում է 86 տոկոս: Հայաստանից առաջ են միայն Վենեսուելան և Զիմբաբվեն ըստ անցած տարվա BSAկազմակերպության հրապարակած տվյալների»,- ասում է Լիանա Կորկոտյանը
BSA կազմակերպության հետազոտությունը փաստում է, որ 2015 թվականին Հայաստանի համակարգիչներում ներբեռնված ծրագրերի 86 տոկոսը կեղծ է և ոչ արտոնագրված: Դրանց օգտագործումն ունի մի շարք բացասական հետևանքներ, որոնք մասնավորեցնում է «Microsoft»-ի գրասենյակի ղեկավարը:
«Նախ, հենությունը լրջորեն ազդում է երկրի վարկանիշի վրա, մասնավորապես օտարերկրյա ներդրումների համատեքստում, քանի որ միշտ ուշադրություն են դարձնում հեղինակային իրավունքի պաշտպանության և հենության ցուցանիշներին, ինչպես նաև առաջացնում է տարբեր կիբերռիսկեր»,- նշում է «Microsoft»-ի հայաստանյան ներկայացուցիչը:
Չնայած հենության բարձր ցուցանիշին, վերջին մոտ 10 տարիների ընթացքում հենության հետ կապված իրավիճակը մի փոքր բարելավվել է:
Մասնավոր ու հասարակական հատվածների հետ մեկտեղ, հենության դեմ պայքարում անմասն չեն նաև Հայաստանի պետական կառույցները:
«Սերտորեն համագործակցում ենք ՀՀ կառավարության հետ: Ընդգծեմ, որ նրանք էլ են գիտակցում այս խնդրի կարևորությունը: Անցած տարի կազմակերպեցինք մի քարոզարշավ հիմնականում միջին և խոշոր բիզնեսների շրջանակում՝ փորձելով խրախուսել արտոնագրված ծրագրերի սպասարկման օգտագործումը»,- հայտնում է Կորկոտյանը:
Կեղծ և ոչ արտոնագրված ծրագրերի դեմ պայքարը շարունակվում է: Ընկերության ներկայացուցիչն ընդգծում է, թե որքան կարևոր է մեծացնել մարդկանց իրազեկումը և բացատրել, թե ինչու է վտանգավոր օգտագործել չարտոնագրված ծրագրերը:
«Այս տարին ծրագրում ենք հանրային իրազեկման բարձրացումն այս առումով, ունենք մի շարք ծրագրեր, որպեսզի անհատները և օգտատերերը ևս գիտակցեն սրա կարևորությունը և սկսեն օգտվել արտոնագրված ծրագրային սպասարկումից, որը կնվազեցնի հենության ցուցանիշը»,- ասում է Կորկոտյանը:
Տարածաշրջանում և հետխորհրդային երկրներում Հայաստանն առաջատար է ոչ արտոնագրված ծրագրերի օգտագործման ցուցանիշով: Տարածաշրջանի մի շարք երկրներ, ներառյալ Վրաստանն ու Ռուսաստանը զգալիորեն բարելավել են իրենց ցուցանիշներն այս առումով: Հայաստանյան գրասենյակի տնօրենը կոչ է անում անցում կատարել արտոնագրված ծրագրերի, որով կապահովվի օգտատերերի այսօր այդքան արդիական դարձած կիբերանվտանգությունն ու կնվազի հենության ցուցանիշը Հայաստանում:
BSA կազմակերպության անցած տարվա հետազոտության տվյալներով, 2015 թվականի ընթացքում ամբողջ աշխարհում ներբեռնված ծրագրերի 39 տոկոսը եղել է ոչ արտոնագրված: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ցուցանիշը կազմել է 58 տոկոս, որը զիջում է միայն Խաղաղօվկիանոսային ասիական տարածաշրջանի 61 տոկոս ցուցանիշին: Լավագույն արդյունքների առումով առաջին տեղում է Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքը 17 տոկոսով, որին հաջորդում է Արևմտյան Եվրոպան՝ 28 տոկոս ցուցանիշով: