Թե ինչպես Կարեն Դեմիրճյանը Խորհրդային ՊԱԿ-ից փրկեց Ռաուլ Կաստրոյի և Մուամար Քադաֆիի ընկերոջը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թե ինչպես Կարեն Դեմիրճյանը Խորհրդային ՊԱԿ-ից փրկեց Ռաուլ Կաստրոյի և Մուամար Քադաֆիի ընկերոջը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գեներալի հետ հանդիպումն ինձ համար, չնայած նման հանդիպումների մեծ փորձին, որոշակի լարվածություն էր առաջացնում: Ես դեռ այն հուշերի ազդեցության տակ եմ, երբ առաջին կուրսի կուրսանտ լինելով, առանձնակի մանրամասնությամբ լսարանն էինք մաքրում, հարդարում, մեզ էինք կարգի բերում, որպեսզի դիմավորեինք ՀՕՊ զորքերի պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանին: Ինձ համար նա դեռ իմ պետն է, ամենաբարձր պետը՝ զորատեսակի համար:

Այն պետը, որի մասին լեգենդներ էին պատմում, թե ինչպես է Քարվաճառում սերժանտին մի օրում սովորեցրել «Ստրելայից» ինքնաթիռ խոցել ու սերժանտն էլ խոցել էր: Իրականում, հիմա ինձ շատ ջերմ է ընդունում, ինչ-որ տեղ՝ անգամ որպես կրտսեր ընկեր: Այդ ամենը չի կարող ուղղակի չջերմացնել, չոգևորել: Հանդիպում ենք ԳՇ նախկին շենքում՝ Մոնումենտում՝ ինչպես շատերը դեռ հիշողությամբ ասում են: Խոսակցությունը շատ անմիջական է, ուղղակի: Հպարտ կեցվածքով ու համեստ կենցաղով այս զարմանալի մարդը անմիջապես նորովի է մեխվում իմ ուղեղում, որպես արիստոկրատիայի դասական օրինակ: Խոսակցությունը սկսում ենք մի գավաթ սուրճից, որն ինքը անձամբ է պատրաստում: Սկզբից զրույցը կարծես զեկույց լինի, բայց քիչ-քիչ անցնում ենք անմիջական խոսակցության:

«Ալիկ Գեղամի Սարգսյան: Ծնվել եմ 1938 թ., Երևանում, Նալբանդյան փ. 31 (ԿԳԲ-ից երկու շենք ներքև), սեփական տուն էր: Որ ջրհեղեղ եղավ, մեր տան կեսը տարավ ջուրը:
1959 թ. ընդունվել եմ Լատվիայում ՀՕՊ-ի (Մերձբալթյան) ուսումնարան:

ՀՕՊ-ի զորքերում շատ քիչ էին հայերը, ուսումնարանում և ակադեմիայում միակ հայն էի:
1965թ. մարտկոցի հրամանատար, կապիտան դարձա: Բաքվի օկրուգի պատվո գրքում էր (ԽՍՀՄ ՀՕՊ-ը ուներ երկու օկրուգ՝ Մոսկվա և Բաքու):

3 կորպուսում ծառայեցի․
1-ին (Թբիլիսի) կորպուսը՝ Սոչիից Նախիջևան,
2-րդ կորպուսը՝ Լենքորանից Ղուբա,
3-րդը՝ Ռոստով, Վոլգոգրադ: Կրասնովոլսկի դիվիզիան ծածկում էր ողջ Թուրքմենստանը:

Հեռավոր Արևելքը առանձին օկրուգ չուներ: Հետագայում Բաքվի օկրուգը «ռասֆորմիրովալի», բանակ դարձավ»:

Հրամանատար Ագա Հուսեյնովը, ամուսնացած էր հայուհու հետ, Բաքվի 1988 թ. դեպքերի ժամանակ որդիները կնոջը 11-րդ հարկից գցեցին ներքև: Սա մի առանձին ողբերգություն էր:
«1965-67 թթ. ծառայել եմ Կուբայում»,-պատմում է,-«Հավանայի 1-ին բրիգադում: Պինես կղզու վրա էի ծառայում: Մարտկոցի հրամանատար էի: Շատ ուժեղ դիրք ունեի, իրենց համազգեստն էի հագնում: Կատարյալ տիրապետում էի իսպաներենի: 75-րդ համալիրներն էին: Առաջին տարվա ծառայությունից հետո, Ռաուլ Կաստրոն առաջարկեց ևս մեկ տարի մնալ Կուբայում: Կարիբյան ճգնաժամից հետո ուժեղ լարումը շարունակվում էր: «U2»-ը ոչնչացնելուց հետո ամերիկացիներն այլևս չէին անհանգստացնում»: Այստեղ հիշում եմ, թե գրքիս համար այս թեմայով քանի գրքեր եմ փորփրել, քանի հոդվածներ կարդացել ու որքան քիչ տեղեկություն ունեի: Եվ ինչ-որ պահի հավատդ չի գալիս, որ հայ սպան է այդ ամենը արել, այդքան կարևոր տեղում, ռազմական ձեռքն աշխարհի զարկերակի վրա:

Գեներալը հանգիստ, առանց որևէ բացառիկ երանգների շարունակում է. «Ծառայել եմ Բելոռուսիայում, Ուկրաինայում, Մերձբալթիկայում, Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հայաստանում և Թուրքմենիստանում:

1983 թ. Թբիլիսիի կորպուսից ուղարկեցին Տրիպոլիի սեկտոր՝ որպես Խորհրդային մասնագետների ավագ: Կորպուսները Լիբիայում «սեկտոր» էին կոչվում: Երեք սեկտոր կար՝ Տոբրուկ, Բենգազի և ամենամեծը՝ Տրիպոլին՝ 700 կմ խորությամբ, 300 կմ ճակատով:

Տրիպոլիի սեկտորում 2 բրիգադ կար՝ С-75» և С-125», 10 դիվիզիոն՝ յուրաքանչյուր բրիգադում: Դիվիզիոնները 4 հատ »С-75» էին, 6 հատ՝ »С-125»:
Այս խոսքերից հետո լարմանս աստիճանը հասնում է գագաթին: Այստեղ հասկանում եմ, որ ուղղակի երազի մեջ եմ: Նորաթուխ նավաստու նման կարծես նստած լինեմ ադմիրալ Նելսոնի կամ Մագելանի դիմաց: Այս հատվածը իմ՝ «Օդային գերակայության» ամենադժվար մասն է եղել, տասը տարուց ավելի շատ ժամանակ եմ կորցրել, մինչև որոշակի տեղեկություններ եմ հայթայթել: Գեներալը շուտով կնշի, որ գիրքս կարդացել է, դա, իհարկե, ոտքերս գետնից կկտրի, բայց աշխատում եմ սառնասրտություն պահել, քանի որ նաև ամեն վայրկյանի ընթացքում կարևոր տեղեկություն է հոսում լավայի նման, լսել է պետք: Իսկ ինքն այնքան հանգիստ է խոսում, կարծես ինքը չի եղել մոլորակի երկու ուժային կենտրոնների բախման կիզակետում: Նա շարունակում է.

«Ալ Բադիայում 2 գունդ, 6 դիվիզիոն՝ 2-ը «C-75», 4-ը՝ «C-125»։ Սաբհա (Տրիպոլիից մոտ 700 դեպի հարավ՝ Չադ) 6 դիվիզիոն՝ 2-ը «C-75», 4-ը՝ «C-125», 1 գունդ «Оса-АК», 1 գունդ Կվադրատ: 2 գումարտակ ՌՏՎ (մեկը կանադական կայաններ, մյուսը՝ խորհրդային): 1 էսկադրիլիա «МиГ-25», 1 էսկադրիլյա «Mirage-1» (փակ էր խորհրդայինների համար, ֆրանսիացիները հատուկ հետևում էին): Բացի այդ շատ էին ԿԶՀՀ Ստրելա 2 և 3:

Фото Արծրուն Հովհաննիսյան.

Բենգազի «С-200» էր կանգնած, մեր հպարտությունը:

Գնդապետ Սալեմ Շերիֆը կորպուսի հրամանատարն էր: Սովորել էր Գերմանիայում, ԱՄՆ-ում, սակայն խորհրդամետ էր:

«Իմ ենթակայության տակ էր ընդհանուր առմամբ 132 մասնագետ: 73 հոգին Տրիպոլիում, 10-12 հոգի Ալ-Բադիա և Սաբհա շրջաններում»,-շարունակում է նա,- «Այստեղ էլ էի միակ հայը, և մեծ հարգանք էի վայելում:

Մեկ տարի անց, զորքի մակարդակը բարձրացնելու նպատակով, առաջարկեցի Սալեմին զորքն անցկացնել մարտական կրակի միջով (боевые стрельбы): Ասացի, որ ես փորձ ունեմ և ինքս կկազմակերպեմ դա: (Այստեղ ապշեցի․ ինչպես կարող էր այդքան հզոր ՀՕՊ խմբավորումը կրակային փորձ չունենար), 1985 թ. սեպտեմբերից մինչև 1986 թ. հունվար ընդհանուր առմամբ 34 «ստրելբա» անցկացրինք:

1986 թ. ապրիլին, երբ ամերիկյան գործողությունները սկսեցին, արդեն ահագին փորձ ունեինք:

Фото Արծրուն Հովհաննիսյան.

Տեխնիկան 1-ին և 2-րդ սերնդի էր: Մենք պատրաստվում էինք կրակի, սակայն ՌԷՊ միջոցների պարզագույն ճնշումը խեղդում էր ռադարները: Դրանից մոտ մեկ ամիս առաջ սադրիչ թռիչքներ էին իրականացնում՝ ստիպելու նախևառաջ կրակ բացել իրենց ուղղությամբ և պարզելու կրակակետերի դասավորվածությունը: Դրա արդյունքում հրթիռների մոտ 20 տոկոսը աննպատակ են կրակվել:

Անսպասելի էր հակառադիոլոկացիոն «HARM»-երի կիրառումը, որոնք նոր էին: «HARM»-երից մեկը չէր պայթել, մոտ 500 մ ավազի վրայով սահելով անցել էր ու մնացել: Ես կապվեցի դեսպանատան հետ, որտեղից ինձ հայտնեցին, որ չեն կարող գալ հրթիռի հետևից: Բարձեցի ՈւԱԶ-ի վրա և ուղարկեցի: «HARM»-ի փայթյունից փոքրիկ՝ 4 մմ-անոց խորանարդաձև բեկորներ էին ցրվում, ինչի հետևանքով լոկատորները շարքից դուրս էին գալիս: Դրա հետևանքով ոչ մի ինքնաթիռ չկարողացավ օդ բարձրանալ:

Մինչև գործողության սկիզբը (23:00), մեր ռադարները ծովի վրա 162 թիրախ էին ցույց տալիս, որոնցից 2-ը ավիակիր, գրեթե կեսը՝ ԱԹՍ: Ամերիկացիները ուղղակի գժվացնում էին, հյուծում մեր անձնակազմը, և խեղդելու-խճճելու մարտավարությունը հաջողված էր: Հանկարծ հանգեցին ռադարների էկրանները․ ՌԷՊ ճնշում էր:

Ժ. 02:00 2 էսկադրիլիա և 14 հատ «F-111» Լիբիայի հարավից՝ 50 մ բարձրության վրա ներխուժեցին տարածք և սկսեցին ռմբակոծումը: Ընդ որում, նրանց հայտնի էին խորհրդային մասնագետների տեղակայման վայրերը, և այն օբյեկտները, որոնցում գոնե մեկ մասնագետ կար, չեն ռմբակոծվել: Հիմնականում քաղաքացիական օդանավակայանները, Քադաֆֆի տունը: Առաջին նպատակը Քադաֆիին ոչնչացնելն էր:
Մեծ Բրիտանիայից Սահարա թռիչքի ընթացքում երեք անգամ «զապրավկա» էին եղել՝ խստորեն պահպանելով գաղտնիության ռեժիմը: Սա զարմանալի թռիչք էր:

Ընդհանուր առմամբ, մենք 4 ինքնաթիռ ենք խոցվել: «A-10»-ը խոցվեց ՏՎԿ-ի օգնությամբ ՕՍԱ-ով: Ծովի ափին տների միջև «ОСА»-ներ էին շարված, որոնցից մեկն էլ 800 մ հեռավորության վրա խոցեց «A-10»-ը: ՏՎԿ-ն աշխատում էր «C-75», «C-125», «OCA»-ի հետ: (Իրականում, նման տեսակի ինքնաթիռը չէր կարող խոցվել, քանի որ այն չէր էլ կարող թռչել այդտեղ, հավանաբար խոսքը «A-6» կամ «A-7»-ի մասին է, որոնք ծովային էին: Սակայն աչքերս փայլում էին, չփորձեցի անգամ միջամտել գեներալի խոսքին, հիպնոսացած լսում էի:) Թե կոնկրետ ով և ինչից է խոցել «F-111»-ը ՝ պարզ չէ, քանի որ ով ՏՎԿ-ով ինչ տեսնում էր, կրակում էր:

Фото Արծրուն Հովհաննիսյան.

Երրորդ օրը Թունիսի կողմից «SR-71» ծովի ափով եկավ, 3 հրթիռ թողեցինք մոտիկից՝ մոտ 75 կմ, մինչդեռ պետք է թողեին 105 կմ ոչ պակաս հեռավորությունից, և դրանք օդում քանդվեցին: «C-200»-ից չեն թողել, որովհետև 200-ի զոնա ինքնաթիռը չմտավ:
Հաջորդ օրը Սալեմին ասացի, որ անհրաժեշտ է հրթիռները փոխել: «20D40»-ը փոխարինեցինք «5-23»-ով: Ամերիկացիներն ամենայն հավանականությամբ տեղյակ էին դրանից, որովհետև «SR-71»-ի թռիչքի հետագիծն այս անգամ այլ էր՝ Իտալիայից Տրիպոլի թռչող քաղաքացիական ինքնաթիռի հետագծով, որպեսզի ռադարները չնկատեն այն:

Ուղևորատար ինքնաթիռի մեջից ահազանգ ստացվեց «SR-71»-ի մասին: Ահազանգը հաղորդվեց քաղաքացիական ինքնաթիռի անձնակազմին, և այն շեղեց ուղղությունը: Հայտնվելով «մերկ» վիճակում, «SR-71»-ը շրջվեց և վերադարձավ Իտալիա:

Պարգևատրվել եմ Քադաֆֆիի կողմից անվանական ժամացույցով, ՀՕՊ զորքերի մեդալով և «Վոինսկայա դոբլեստ» առաջին աստիճանի շքանշանով»: Այստեղ ևս կմիջամտեի գեներալի խոսքին, սակայն այնպիսի բացառիկ վստահությամբ ու հավատով էր պատմում, որ որևէ բան չասացի: Գեներալը այստեղ հստակ նշում էր գրքիս մեջ տեղ գտած թերությունները, չնայած հիմնական եզրակացությունների հետ համաձայն էր: Դա էր ինձ համար ամենակարևորը, հպարտանալու անթաքույց պատճառը։

Գեներալը առանց շտապելու շարունակում էր. «ԱՄՆ»-ի հետախուզությունը շատ լավ էր աշխատում: Նրանք գիտեին ԽՍՀՄ ՀՕՊ ուժերի թույլ կետերը: Համեմատաբար հզոր ՀՕՊ կայաններ կային Մոսկվայում, Լենինգրադում: Մի քանի անգամ է եղել, որ սահմանը խախտել են «SR-71»-ով. Լադոգա, Մերձբալթիկա, Հեռավոր Արևելք: «SR-71» չի խոցվել ԽՍՀՄ կողմից: Մինչև «МиГ-25»-ի շահագործումը, «SR-71»-ը բավական համարձակ էր գործում: «MиГ-25»-ը հատուկ «SR-71»-ի դեմ էր նախագծվել:

Էջմիածնում 4 դիվիզիոն էր. Չոբանկարա 1-ին դիվիզիոն, Աշտարակ (Մուղնի)՝ 2-րդ դիվիզիոն, Աբովյան՝ 3-րդ , Արտաշատ՝ 4-րդ դիվիզիոն:

Фото Արծրուն Հովհաննիսյան.

«Sabre» չէր, «F-5 Tiger» էր: 1976 թ. օգոստոսի 24-ին ժ. 10-ին էր: Իգդիրի կողմից, Հոկտեմբերյանի մոտակայքից ներխուժեցին 2 կործանիչ: Մենք չհասցրինք: Մինչև դիվիզիոնները միացան, «F-5»-երն արդեն Էջմիածնի վրա էին: Չէր կարելի բաց թողել, «C-75»-ն այդքան ճկուն չէր: 7 կմ «C-75»-ի մոտակա զոնան էր: Լոկատորը հետևեց ինքնաթիռին՝ ինչքան կարողացավ, որը ուղղությունը փոխեց և թռավ դեպի Էջմիածին կայարան: 10 կմ հեռավորության վրա 1-ին դիվիզիոնը (հրամանատար Յու. Իվաշկին) առաջին հրթիռը բաց թողեց, մինչդեռ անհրաժեշտ էր միանգամից երեք հատ բաց թողնել:

Մի քանի վայրկյան անց նա բաց թողեց ևս երկուսը: Մինչև սահման 11 կմ էր, իսկ հրթիռի ու ինքնաթիռի հանդիպումը տեղի ունեցավ 15 կմ հեռավորության վրա, այսինքն՝ Թուրքիայի տարածքում: Խոցված ինքնաթիռի մեջ Թուրքիայում Անգլիայի ռազմական կցորդի որդին էր, իսկ երկրորդի օդաչուն պարաշյուտով թռավ ինքնաթիռի միջից և, ըստ էության, երկրորդ ու երրորդ հրթիռները խոցում էին արդեն ընկնող ինքնաթիռը:

Фото Արծրուն Հովհաննիսյան.

Ես բրիգադի ՇՊ-ն էի, անմիջապես զեկուցեցի Մոսկվա, իսկ հարցին, թե ինչու չեմ համաձայնեցրել գործողություններս կորպուսի հետ, պատասխանեցի, որ ժամանակ չկար, վայրկյաններն էին որոշում: Անմիջապես ՊԱԿ աշխատակիցները հայտնվեցին, կարգադրեցին ամենը կնքել (опечатать), ինձ էլ կարգադրեցին կապ չհաստատել ոչ մեկի հետ: Ինձ կցեցին ՊԱԿ աշխատակցի: Շատ բարդ իրավիճակ էր: Ես կարգադրեցի պատրաստել ֆոտոկոնտրոլը, քարտեզը: Մոտ երկու ժամ անց ժամանեց Կարեն Դեմիրճյանը: Նրան ես ևս ներկայացրի իրողությունը, ապացույցներով: Նա կապվեց Մոսկվայի հետ, հաղորդեց, որ տեղում ծանոթացել է իրավիճակին և տվյալներին, որ սահմանի խախտում իրոք եղել է, բրիգադի մարտական հաշվարկը գործել էր գերազանց:

Շատ վճռական էր գործում: Նա խնդրեց հանել ՊԱԿ-ի վերահսկողությունը: (Ծանր իրավիճակ է նման դեպքերում, խորհրդային ՀՕՊ սպաներն ու կործանիչների օդաչուները նման իրավիճակներում կարող էին և հերոսանալ և անգամ գնդակահարվել, մեկ անգամ չէ, որ դա տեղի էր ունեցել) Հաջորդ օրը պետք էր պարգևատրման ներկայացնել (наградная) աչքի ընկածներին: Ես նշեցի դիվիզիոնի հրամանատարին, ուղղորդող սպային (офицер наведения), սկզբնական մարտկոցի հրամանատարին: Բրիգադի հրամանատարը հերթափոխն էր հանձնում, գտնվում էր Թբիլիսիում:

Ինձ զանգահարեցին կորպուսի քաղբաժնից (политотдел), հետո՝ Մոսկվայից՝ վրդովմունք հայտնելով, որ դիվիզիոնի զամպալիտն այդ ցուցակում չկար: Ողջ խնդիրը նրանում էր, որ զամպալիտը գտնվում էր Սոչիում, արձակուրդի: Ինձ ասացին, որ դա ոչինչ չի փոխում և զամպալիտը ևս պետք է պարգևատրվի: Այդ չորս հոգին պարգևատրվեցին, իսկ ինձ նկատողություն տրվեց պաշտպանության նախարարի կողմից, այն բանի համար, որ հրթիռներն ընկել էին Թուրքիայի տարածք: Հետագա մեկ տարվա ընթացքում չէի կարողանում այդ նկատողությունը հանել»:

Фото Արծրուն Հովհաննիսյան.

Ես պատիվ եմ ունեցել նկարվել գեներալի նշած այդ հրթիռների առաջին աստիճանների հետ, որոնք այսօր էլ գտնվում են ՀՕՊ զորմասում:

Գեներալը սահուն անցնում է առաջ և պատասխանում իմ հարցերին. «ԽՍՀՄ» փլուզման պահին ես կորպուսի հրամանատարի տեղակալն էի: Կորպուսը ուներ 2 բրիգադ «C-75», «C-125», 2 կանալ «C-200», 2 գունդ, 2 ռադիոտեխնիկական բրիգադ, 2 օդային գունդ, ձգվում էր Լենքորանից մինչև Ռոստով, Ստավրոպոլ:

ՀՀ անկախացումից հետո անմիջապես վերադարձա: Պաշտպանության կոմիտեից ինձ հայտնեցին, որ օգնությանս կարիքը չունեն և ես գնացի Ս. Առաքելյանի մոտ, զորակոչային գունդ, որպես շտաբի պետ: Երեք-չորս ամիս անց, տարաձայնությունների պատճառով լքեցի զորակոչային գունդը (խոսքը հատուկ գնդի մասին է, որը բացառիկ դեր է ունեցել ազատամարտի պատմության մեջ, իսկ ես իմ կողմից կարող եմ հավելել, որ պատիվ եմ ունեցել լինել նաև այդ լեգենդար մարդու սանը, խոսքը գնդապետ Առաքելյանի մասին է):

Հետագայում Վ. Մանուկյանի մոտ խորհրդականի աշխատանքի անցա: Ընդ որում սկզբում պայման առաջադրեցի, որ իր հեռանալուց հետո ես էլ եմ հեռանալու, ինչին նա հակադարձեց․ հայրենիքի պաշտպանությունը պայմաններ չի ընդունում»:

Фото Արծրուն Հովհաննիսյան.

Մեր խոսակցությունը իհարկե շարունակվեց շատ երկար, խորհրդային լավագույն ձեռքբերումներից մինչև մեր օրերը, մեր պլաններն ու նախագծերը: Շատ բան կարելի է առանձնացնել այդ խոսակցություններից, սակայն դրանցում ամենակարևորը այն կյանքի դասն է, որ պարոն գեներալը փոխանցեց ինձ, հպարտության դասը, պատվի ու նվիրումի դասը: Այստեղ կարելի է երկար գրել այն մասին, որ հայ սպաները եղել են աշխարհի բախումների կիզակետում և մեկ անգամ չէ, որ հերոսացել են ու փայլել իրենց գիտելիքներով, սակայն այսօր մի քիչ կլռենք ուղղակի»: