Netflix ծառայությունը հրապարակել է առաջին սերիալի թողարկման ամսաթիվը, որի ռեժիսորներն են դարձել ամերիկացի կինեմատոգրաֆիստներ Իթան եւ Ջոել Քոենները: Այդ մասին հայտնել է Reuters-ը:
Նախագիծը, որն ստացել է «Բասթեր Սքրագսի բալլադը» անվանումը, թողարկվելու է 2018 թվականին:
Ռեժիսորները հանդես են եկել նաեւ որպես սցենարի հեղինակներ, որը հիմնված է օրիգինալ գաղափակի վրա, եւ սերիալի պրոդյուսերներ: «Բասթեր Սքրագսի բալլադն» իրենից ներկայացնելու է անթոլոգիա Վայրի Արեւմուտքի մասին, որը բաղկացած կլինի վեց մասից: Գլխավոր դերը կատարելու է Թիմ Բլեյք Նելսոնը:
Սկզբնապես պլանավորվում էր սերիալը թողարկել Annapurna Television հեռուստաալիքով: Թե ինչու արդյունքում նախագծով զբաղվեց Netflix-ը, չի հաղորդվում: Քոենները հեռուստատեսությունում արդեն աշխատել են որպես «Ֆարգո» սերիալի գործադիր պրոդյուսերներ, որը հիմնված է ռեժիսորների համանուն ժապավենի վրա: Եղբայրներն ավելի հայտնի են այնպիսի կինոնկարներով, ինչպիսիք են՝ «Մեծ Լեբովսկին», «Այստեղ ծերունիների տեղը չէ» եւ «Կարդալուց հետո այրել» ֆիլմերը: Նրանք «Օսկար» մրցանակի քառակի դափնեկիրներ են: