Հայկական ֆուտբոլի ակունքները. Պոլսի «Տորք» ակումբը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայկական ֆուտբոլի ակունքները. Պոլսի «Տորք» ակումբը. armeniasputnik.am

Հայ ժողովրդի արևտյան հատվածի՝ արևմտահայության ազգային, մշակութային, քաղաքական ու մարզական կենտրոնը Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսն (Պոլիս) էր: 19-րդ դարի վերջին Պոլսի հայկական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում ներառվեց մարմնամարզական ուսուցումը և հայերենով տպագրվեցին մարմնամարզությամբ զբաղվելու մի քանի ուղեցույցներ: Այդպես հիմք դրվեց հայկական սպորտի զարգացմանը:

Ներկայացվող պատկերում 1908 թվականին Պոլսում ստեղծված և հայ առասպելաբանության դյուցազնի անունով անվանակոչված «Տորք» հայկական ֆուտբոլային ակումբի մարզիկներն են: Կենտրոնում նստածը ակումբի հիմնադիր և առաջատար խաղացող Վահան Չերազն է, որը ոչ միայն հայկական սպորտի, այլ նաև Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիրներից մեկն է համարվում:

Բացի ֆուտբոլից, «Տորք» մարզական ակումբի անդամները 1910-ականների սկզբին Պոլսում մասնակցում էին նաև լողի, թենիսի և հեծանվավազքի մրցումներին: 1910 թվականին արված լուսանկարը տպագրվել էր Պոլսում լույս տեսնող «Մարմնամարզ» մարզական թերթի 1911 թվականի 1-ին համարում: Թերթի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն էր Շավարշ Քրիսյանը:

Օսմանյան կայսրությունում հայկական, հունական և թուրքական ֆուտբոլային թիմերը սկսել են կազմավորվել 20-րդ դարասկզբին, սկզբնական շրջանում Պոլսում և Իզմիրում, իսկ հետո այլ քաղաքներում: Հայկական թիմեր էին ձևավորում նաև Թուրքիայի տարածքում գործող տարբեր եվրոպական քոլեջների հայ ուսանողները: Առաջին հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբներն են համարվում «Բալթա-Լիմանը», «Արաքսը», «Տորքը», «Արմենիան», «Վասպուրականը», «Կիլիկիան» և մյուսները:

Նշենք, որ հայկական ակումբները կազմակերպված կառույցներ էին և գործում էին հաստատված կանոնակարգերի հիման վրա: Մեծ կարևորություն էր տրվում ֆուտբոլիստների հանդերձանքին. բոլոր թիմերի մարզիկները դաշտում պարտադիր պետք է կրեին իրենց ակումբների տարբերանշաններով միատեսակ մարզահագուստներ:

Հայտնի է նաև, որ անդրանիկ պաշտոնական խաղը հայկական ու թուրքական ֆուտբոլային թիմերի միջև տեղի է ունեցել 1906 թվականի ամռանը: Այդ խաղում Պոլսի հայկական «Բալթա-Լիման» թիմը 5:0 հաշվով հաղթում է թուրքական «Գալաթասարային»: 1908-ին «Բալթա-Լիմանը» վերակազմավորվում է երկու առանձին թիմերի՝ ստեղծվում են «Արաքսը» և «Տորքը»:

Հետագայում «Արաքսը» դարձավ լավագույն հայկական ֆուտբոլային թիմը, որն իր մարզումներն անցկացնում էր Պոլսի Շիշլի թաղամասի «Ազատության բլուրում»: Ի դեպ, Ստամբուլի ներկայիս թուրքական առաջատար թիմերը հստակ ֆիքսել են իրենց հիմնադրման տարեթվերը. «Գալաթասարայը» հիմնադրվել է 1905-ին, «Ֆեներբախչեն»՝ 1907-ին, իսկ «Բեշիկթաշը»՝ 1903-ին:

armeniasputnik.am