Սյունե Սևադա. «Մեռածներին սիրելը հեշտ է, ողջերին՝ վտանգավոր»
Advertisement 1000 x 90

Սյունե Սևադա. «Մեռածներին սիրելը հեշտ է, ողջերին՝ վտանգավոր»

Սյունե Սևադայի գրառումը.

«Մեռածներին սիրելը հեշտ է, ողջերին՝ վտանգավոր։ Չսիրելը՝ ավելի։ Բաց աչքով չես ասի՝ դրոշը չեմ սիրում, հայրենիքը չեմ սիրում․ կտան-կսպանեն։ Դրա համար կարելի է չսիրել հին օրհներգն ու Սովետը, անվնաս է, յոթն ու քառասունքը տվել ենք։ Ասում են՝ չենք սիրում, բայց դե քաղաքավարի ենք, հո էդպես ուղիղ չե՞նք ասի, ծայրահեղ մտքերը մերը չեն, դրա համար էլ նրբորեն ակնարկում են՝ ավելի լավ կարող էր լինել։ Հո չե՞ն ասի՝ վախենում ենք, ռիսկներս չի հերքում աչքներս բաց չսիրել կամ սիրել։

Բա որ, օրինակ, ասենք՝ մեր սրտով չի մեր երեխեքին մատաղ անելը, կասեն՝ թափած արյունը չեք գնահատում, սրա՞ համար ենք պատերազմ հաղթել։ Բա իրենց չե՞ն սովորեցրել, որ տղաներն են աղջիկներին ծաղիկ տանում, ոչ թե աղջիկները՝ պսակ՝ տղաներին։ Եթե ասենք՝ մեզ ծաղիկ տվեք, պսակի ուժ էլ չկա, կասեն՝ անշնորհակալ եք։ Պիտակներից վախենում ենք, դրա համար նրբորեն ասում ենք՝ ավելի լավ կարող էր լինել բանակում, քաղաքում, գյուղում, աշխատավայրում, ընտանիքում, հոգեվիճակում։ Նուրբ, ուրեմն՝ ցածր ենք ասում, դրա համար էլ լսելի չի։ Բայց ապահով է, որովհետև ամեն կռացած բան ավելի արագ է մեռնում։ Բարձր բղավեինք՝ արձագանքը շատ հեռուն կհասներ, ու կապրեր, մեկ այլ բանի ծնունդ ու ընթացք կտար, դա էլ իր հերթին բարձր մի բան կդառնար ու կշարունակվեր։ Բա որ հանկարծ լսեին, գային կենդանի զգացմունքների համար պատասխան ուզելու։ Չէ, չի լինի։ Հաստատ չի լինի։ Թող միտքը, ցանկությունն ու բողոքը սառեն՝ հետո կերևա։

Մեռածներին սիրելը հեշտ է, դրա համար կորցրած հողերն ու մարդիկ անփոխարինելի են։ Թե չէ շնչող հողի վրա պիտի ծառ տնկես, ներկա շարունակական մարդկանց էլ՝ ծառից բերք քաղես-հյուրասիրես, ժամանակատար է։ Դրա համար էլ մեռած զգացմունքները քարկապ ենք գցում ոտքներիս ու քարշ տալիս այնքան, մինչև կամ պիտի բեռից ազատվենք, կամ՝ ոտքը կտրենք․ ապրելու բնազդն էլ չլիներ՝ ինչքան ցավ ու սխալ կա՝ կկցմցեինք մեզ ու կսողայինք։ Հիմա էլ հայրենիքն ենք շնչահեղձում, ուղղակի դեռ չենք կողմնորոշվում, որ մեռնի՝ սիրելու ենք, թե՝ չէ։ Թումանյանն ասում է՝ գործն է անմահ։ Եթե գործեինք, գուցե անմահ լիներ։ Հայրենիքն էլ, քաղաքն էլ, սերն էլ։ Հետմահու կասենք՝ անմահության փակ դռան բանալին էինք ուզում գտնել, պարզվեց՝ դուռը բաց էր։ Ու ուշ կլինի, և այդ ցավը էլի կկապենք մեզ ու քարշ կտանք։ Ու թվացյալ հեշտ կլինի»։



Նման նյութեր