«Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհից խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել: Նրանք արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել:
Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի խոսքով՝ հրդեհի հետեւանքով տուժել են հիմնականում չթռչող միջատները , սողուններն ու կրծողները:
«Սրանք նախնական տվյալներն են, հիմնական ուսումնասիրությունները և հաշվարկները կկատարվեն արդեն հրդեհաշիջման աշխատանքների ամբողջական ավարտից հետո»,- ասել է Աղասյանը՝ պարզաբանելով, որ հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանն էլ նշել է, որ այս պահին անձրևը դադարել է: «Օդային օպերացիաները և տեղացած անձրևը բավականին արդյունք տվել են:
Ներկայում հրդեհաշիջման աշխատանքների բոլոր մասնակիցները կրկին գործի են անցել տեղայնացված հրդեհի օջախները մարելու նպատակով»,- ասել է նա: