Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտնել է, որ Էրդողանի հետ առկա լարվածության պատճառով իր ընտանիքը սպառնալիքի տակ է:
Այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները:
Գերմանական dpa լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Զիգմար Գաբրիելն ասել է. «Էրդողանի ոճն է, հայտնի է, որ ոմանք փորձում են նեղել կնոջս, անհանգստացնելու և խանգարելու նպատակ են հետապնդում»:
Զիգմար Գաբրիելի ընտանիքի դեմ ուղղված սպառնալիքների վերաբերյալ տեղեկությունները տեղ են գտել նաև Rheinpfalz թերթում:
Զիգմար Գաբրիելը թերթին տված հարցազրույցում կրկին նշել էր, որ Էրդողանի և իր միջև առկա հակասությունների ընթացքում իր կինը սպառնալիքի տակ է:
«Կինս, ով մասնագիտությամբ ատամնաբույժ է, իր ձայնային փոստին սպառնալից հաղորդագրություններ է ստացել»,- թերթի հետ զրույցում նշել էր նախարարը:
«Էրդողանը Թուրքիան վերածել է ոչ ժողովրդավար երկրի: Մեկ տարի առաջ նա քննադատում էր տեղի ունեցած հեղաշրջման փորձը, բայց հիմա նա իր սեփական հեղաշրջումն է իրականացնում՝ երկիրը տանելով դեպի բռնապետություն»,- անդրադառնալով Թուրքիայի ներքին իրավիճակին՝ ասել է Զիգմար Գաբրիելը:
Գերմանիայի արտգործնախարարը հավելել է նաև, որ Էրդողանի հակառակորդների համար ավելի դժվար ժամանակներ են գալիս, և անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն իրականացնել:
«Թուրքիայի կեսից ավելին ժողովրդավարության կողմնակից է և չի աջակցում Էրդողանին»,- ասել է նախարարը:
«Կարծում եմ, բազմաթիվ մարդիկ ցանկանում են, որ Եվրոպան ու Գերմանիան աջակցեն Թուրքիայում ժողովրդավարության հաստատմանը»,- նշել է նա:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը օրեր առաջ կրկին անդրադարձել էր Թուրքիայում ձերբակալված Die Welt պարբերականի գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի հարցին:
Խոսելով Դենիզ Յուջելի ձերբակալության մասին՝ Զիգմար Գաբրիելը նրան որակել էր որպես «Թուրքիայի պատանդ»:
«Թուրքիային ստիպելու համար, որպեսզի Դենիզ Յուջելին ազատ արձակի, Գերմանիան ունի միայն դիվանագիտական և տնտեսական մեխանիզմներ, ի վերջո, մենք չենք կարող ներխուժել Թուրքիա»,- ասել էր Զիգմար Գաբրիելը:
Խոսելով Էրդողանի մասին՝ գերմանացի նախարարը նշել է. «Արդեն երկար ժամանակ է, ինչ մենք փորձում ենք Էրդողանի նկատմամբ տրամաբանական մոտեցում ցուցաբերել, բայց հասկացել ենք, որ երբեմն ավելի լավ է նրան և իր ասածները հաշվի չառնել»: