«Իմ ապագա կինը չի կարող թուրք կամ ադրբեջանցի լինի, բայց հնդկուհի կարող է». Վարդան Սարգսյանն՝ իր ու Տապասիայի հարաբերությունների մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

«Իմ ապագա կինը չի կարող թուրք կամ ադրբեջանցի լինի, բայց հնդկուհի կարող է». Վարդան Սարգսյանն՝ իր ու Տապասիայի հարաբերությունների մասին. life.panorama.am

«Տնից հեռու» նախագծի հեղինակ, երգիչ Վարդան Սարգսյանը շուտով հեռուստադիտողին կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որտեղ նկարահանվել է հայտնի հնդիկ դերասանուհի Ռաշմի Դեսային, նույն ինքը՝ «Մերժվածը» հեռուստասերիալի Տապասիան:

Life.panorama.am-ի հետ զրույցում Վարդանը պատմեց, որ «Աղջիկները շատ տարբեր են» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն այժմ մոնտաժային փուլում է և սեպտեմբերին կկայանա պրեմիերան:

«Երգի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը և «Դուետրո ստուդիայից» Էդգար Ալեքսանյանը: Երգը հայերեն է, բայց երաժշտական մասը հնդկական մոտիվներով է գրվել, ու քանի որ հիմա Հայաստանում մեծ տարածում ունեն հնդկական սերիալները, որոշեցի, որ այն պետք է նկարահանվի հենց Հնդկաստանում, որն ի դեպ, շատ բարդ էր: Տեսահոլովակի ռեժիսորը երաժշտության հեղինակն է՝ Էդգար Ալեքսանյանը: Երբ մենք առաջին անգամ նկարահանումներն իրականցրինք ու եկանք Հայաստան, հասկացանք, որ որոշ բացթողումներ կան ու պետք է ևս մի քանի նկարահանում անել: Այդ ժամանակ ես միայնակ մեկնեցի, բայց Հնդկաստանում ինձ հայտնեցին, որ եթե դրոնն ինձնից բարձր թռչի, հաստատ ոստիկանությունում կհայտնվենք: Մի խոսքով այնքան էլ հեշտ նկարահանումների ընթացք չենք ունեցել»,- պատմեց Վարդանն ու շարունակեց.

«Տեսահոլովակը շատ հումորային սյուժե ունի: Այնտեղ սովորական մարդկանց նկարահանելը շատ բարդ է, կրկնակի բարդ է, երբ աղջկա ես ուզում նկարահանել, իսկ ըստ սյուժեի՝ մեզ մի աղջիկ էր պետք, որը այնքան էլ գեղեցիկ պետք է չլիներ: Ինչևէ, աշխատանքս արդեն իրականություն է, որի համար շատ շնորհակալ եմ բոլորին, ովքեր ունեցան իրենց մասնակցությունը»:

Երգչի տեսահոլովակում նկարահանվել է հայտնի սերիալներից մեկի հերոսուհին՝ Տապասիան: Ամիսներ առաջ Վարդան Սարգսյանը նշել էր, որ Տապասիան կես ժամ նկարահանվելու համար 48.000 դոլար է պահանջել: Հետաքրքրվելով, թե Վարդանը որքա՞ն է վճարել Ռաշմի Դեսայիին իր տեսահոլովակում նկարահանվելու համար, երգիչը պատմեց.

«Երբ նոր-նոր էի սկսել հարցազրույցներիս շարքը, թվում էր, թե ամեն բան հեշտությամբ կտրվի: Այնուհետև տեղեկացանք, որ պետք է կապ հաստատել պրոդյուսերների հետ, որոնք էլ կկազմակերպեն մեր հանդիպումները: Այդ ընթացքում ինձ հայտնեցին, որ Ռաշմիի հետ կես ժամ հաղորդում ունենալու համար պետք է 48.000 դոլար վճարել: Այդ ժամանակ հասկացա, որ չենք կարող հերթով բոլորին նման մեծ գումարներ վճարել, ու  մեծ դժվարությամբ, ծանոթներ գտնելով փորձեցի կապի դուրս գալ անձամբ դերասանների հետ: Այդպիսով ծանոթացա Ռաշմիի հետ և ընթացքում նույնիսկ ընկերացանք: Նա Հնդկաստանում եզակի երևույթ ու բացառիկ մարդ է, ում շատ-շատ եմ սիրում: Երբ պետք է տեսահոլովակս նկարահանեի, դիմեցի նրան, որպեսզի ներկայանար որպես իմ նոր աշխատանքի հերոսուհի: Ռաշմին էլ մեծ ուրախությամբ համաձայնեց, նա անգամ չհետաքրքրվեց սցենարով ու առանց երկար մտածելու ասաց, որ պատրաստ է նկարահանվել՝ առանց դրա դիմաց վճարվելու: Ճիշտ է՝ նրա խիստ գրաֆիկի պատճառով տեսահոլովակի վերջում ընդամենը մի քանի վայրկյան է երևալու, բայց ինձ համար մեծ ուրախություն է, որ նա նկարահանվեց»:

Վարդանը հայտնեց նաև, որ սիրված դերասանուհին մեծ ցանկություն ունի գալ Հայաստան, բայց մեկ պայմանով՝ այցը բացառապես հանգստի շրջանակում լինի, առանց նկարահանումների:

Ի դեպ՝ անդրադառնալով Ռաշմիի վերաբերյալ Վարդան Սարգսյանի գրառմանը, թե  «Վարդան, հանգստացի, սիրահարվել չկա», և հարցին, թե իրականում երգիչը սիրահարվա՞ծ է արդյոք հայտնի Տապասիային, պատասխանեց.

«Սիրահարված չեմ, բայց ոչինչ անհնար չէ: Ինձ համար զգացմունքները ազգություն չեն ճանաչում: Իհարկե, իմ ապագա կինը չի կարող թուրք կամ ադրբեջանցի լինի, բայց հնդկուհի կարող է: Իմ ու Ռաշմիի միջև լուրջ բան չկա, մենք պարզապես ընկերներ ենք, թեև, կարծում եմ, նրա հետ երկար շփվելու դեպքում հաստատ կարող էի սիրահարվել»:

Անդրադառնալով «Տնից հեռու» հաղորդման շրջանակներում հայտնի հնդիկ դերասանների հետ հարցազրույցների շարքին՝ Վարդան Սարգսյանը նշեց.

«Բազմաթիվ նամակներից հետո «Տնից հեռու» նախագծի շրջանակներում ամիսներ առաջ սկսեցինք հայտնի հնդիկ դերասանների հետ հարցազրույցների շարքը, որն ի դեպ, մեծ տարածում գտավ ինչպես մեր երկրում, այնպես էլ այլ երկրներում, մասնավորապես Վրաստանում, Ինդոնեզիայում և անգամ Թուրքիայում: Ավելին, շուտով մեր պաշտոնական էջում տեղադրելու ենք հարցազրույցների անգլերեն տարբերակները, որպեսզի ավելի լայն մասսաներին հասկանալի լինի: Պետք է խոստովանեմ, որ հնդիկ դերասանների հետ այնքան էլ հեշտ չէ կապի դուրս գալ, հատկապես, որ նրանք ապրում են Մումբայում, որը 25 միլիոն բնակչություն ունի ու մի վայրից մյուսը հասնելը երբեմն երկար ժամեր են պահանջում, բացի այդ, հայտնի դերասանները ունեն անբացատրելի խիստ գրաֆիկ: Այն դերասանները, որոնց հայ հեռուստադիտողը ճանաչում է հնդկական սերիալներից, հատուկ պայմանագրեր ունեն, որոնց համաձայն նրանք տարիներով խաղում են այս կամ այն սերիալում: Ուրախ եմ, որ գուցե դժվարությամբ, բայց ինձ հաջողվել է բավարարել մեր հեռուստադիտողների խնդրանքները, հանդիպել և անգամ ընկերանալ նրանց հետ: Այսօր նրանցից շատերի հետ ունեմ նամակագրական կապ, ոմանք էլ ուզում են անգամ Հայաստան այցելել»,- պատմեց Վարդան Սարգսյանը:

life.panorama.am