Ելնելով 2017 թվականի առաջին կիսամյակում արձանագրված բարձր տնտեսական ակտիվությունից՝ ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է 2017 թվականի տնտեսական աճի կանխատեսումը դեպի վերև։
Ինչպես նշվում է ԿԲ կողմից հրապարակված գնաճի հաշվետվության մեջ, կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին։
Կենտրոնական բանկը տնտեսական աճի վերականգնումը պայմանավորում է առավելապես առաջարկի գործոններով, մասնավորապես, արդյունաբերության և ծառայությունների ոլորտների արտադրողականության աճով։
ԿԲ-ն 2017 թվականի տնտեսական աճը գնահատում է 3.9%-4.8% միջակայքում՝ նախկին 3.3%-4.8%-ի փոխարեն։ Սա տնտեսական աճի կենտրոնական արժեքն է (30% հավանականության միջակայք): Իսկ, այսպես ասենք, ավելի «լայն» կանխատեսման համաձայն՝ 2017 թվականին ՀՀ տնտեսական աճը գնահատվում է 2.3%-ից 6.8%-ի սահմաններում։
Եթե ավելի պարզ ասենք, ԿԲ-ն չի բացառում, որ այս տարի Հայաստանը կարող է 6.8% աճ ունենալ։ Իսկ աճի նվազագույն ցուցանիշը 2.3%-ն է։
Սակայն առավել հավանական է, որ աճը կտատանվի 3.9%-4.8%-ի սահմաններում։
Հիշեցնենք, որ 2017 թվականի պետբյուջեի հիմքում դրված է 3.2% տնտեսական աճի կանխատեսումը։