Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակում գործած Էրդողանի կողմնակիցները կանգնել են դատարանի առաջ
Advertisement 1000 x 90

Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակում գործած Էրդողանի կողմնակիցները կանգնել են դատարանի առաջ

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ հարձակում իրականացնելու դեպքի առթիվ ձերբակալված երկու թուրքի գործով Վաշինգտոնում սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել առաջին դատական նիստը: Ձերբակալված ամերիկաբնակ թուրքերը՝ 45-ամյա Սինան Նարինը Վիրջինիա նահանգից և 50-ամյա Էյուփ Յըլդըրըմը Նյու Ջերսիից հայտարարել են, որ չեն ընդունում իրենց դեմ ներկայացված մեղադրանքները: Այս մասին հայտնում է Washington Times-ը:

Թուրքերը դատարան են բերվել ձեռքերն ու ոտքերը շղթայված: Էրդողանի կողմնակիցները հրաժարվել են արագ դատավարության իրենց իրավունքից՝ թույլ տալով պաշտպանվող կողմի իրավապաշտպաններին մինչև հաջորդ դատական նիստը՝ հոկտեմբերի 10-ը, ուսումնասիրել ներկայացված մեղադրանքները:

Յըլդըրըմն ու Նարինը մեղադրվում են ատելության շարժառիթներով հարձակում գործելու մեջ, ինչը նրանց պատիժը կարող է ավելացնել 1.5 անգամ: Երկու տղամարդկանց դեմ նաև ներկայացված են կանխամտածված բռնության հանցագործություն իրականացնելու մեղադրանքներ՝ քրեորեն պատժելի հանցանք, որը նախատեսում է մինչը 15 տարվա ազատազրկում:

Դատական լսումներին մասնակցել է նաև Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչը, ով, սակայն, հրաժարվել է որպես մեկնաբանություն տալ:

Յըլդըրըմն ու Նարինը Թուրքիայի և Միացյալ Նահանգների քաղաքացիներ են: Նրանք երկուսն են այն 19 անձանցից, ում Վաշինգտոնի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Էրդողանի այցի ժամանակ խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացնելու գործով: 19-ից անձանցից 15-ն Էրդողանի թիկնազորի անդամներն են: Վաշինգտոնի ոստիկանությունը հստակեցրել է նրանցից 12-ի ինքնությունը: Ազատության մեջ գտնվող 17 մեղադրյալները ներկայում Թուրքիայում ու Կանադայում են:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հաջորդ շաբաթ այցելելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բացմանը: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Վաշինգտոնում ծոծկռտուքին մասնակցած նրա թիկնազորի անդամները կուղեկցեն նրան, թե ոչ:

Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հունիսի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ եթե թիկնազորի այդ անդամները վերադառնան ԱՄՆ, նրանք չեն ունենա դիվանագիտական անձեռնմխելիություն ու ժամանելուն պես կձերբակալվեն:



Նման նյութեր