«Պահմտոցի» հաղորդումից հայտնի դերասան Վահագն Սիմոնյանի որդու՝ 14-ամյա Գուրգեն Սիմոնյանի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով քննությունը շարունակվում է, հարցաքննվել է ինքնասպանության հեղինակը:
Գուրգեն Սիմոնյանի մայրը՝ Մարիամ Կարապետյանը, Aravot.am-ին պատմեց, որ տղան հոգեպես վատ վիճակում է, սթրեսից նույնիսկ դպրոց չի հաճախում: Երեխայի մոր պատմելով՝ տղան ինքնասպանության փորձ է կատարել այն բանից հետո, երբ հայրը լրատվամիջոցներին իր տուն էր հրավիրել՝ պատմելու, որ որդիներին առեւանգել են, հենց այդ ժամանակ էլ լրատվամիջոցների ներկայությամբ զանգել էր որդուն, զրույցն էլ եթեր էր գնացել:
«Երեխան վախենում է, ամաչում է, անընդհատ զանգում էր, ասում՝ կգամ վիզդ կկտրեմ, սպառնալից բաներ էր ասում»,- ասաց Մարիամ Կարապետյանը: Նրա խոսքով, իրենք Ջերմուկ էին գնացել բուժման նպատակով, այնտեղից են տեղեկացել, որդու ինքնասպանության փորձի մասին ու անմիջապես վերադարձել. «Երեխեն ամբողջ թեւի` երակների մասը վնասել էր»: Հիշեցնենք, որ որդու ինքնասպանության փորձի մասին Վահագն Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե որդին հաստատ նման քայլի չի գնա, այդկերպ փորձում են իր վրա շառ անել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ