Բազմադիմակ Հրանտ Թոխատյանը
Advertisement 1000 x 90

Բազմադիմակ Հրանտ Թոխատյանը

Դերասան Հրանտ Թոխատյանը շատ խորհրդանշական ֆիգուր է մեր օրերում։ Նա ակտիվ աշխատում է (թեև, իհարկե, նոր գեղարվեստական ֆիլմերն ու բեմադրություններն անկախ դարձած Հայաստանում անհամեմատ ավելի քիչ են, քան մենք սպասում ենք), նրա անունն ու հմայիչ կերպարը հաճախ է երևում տարբեր հեռուստատեսային նախագծերում ու պաշտոնական միջոցառումներում։ Հրանտ Թոխատյանին ջերմորեն սիրում են և՛ «վերևները»՝ պաշտոնական անձինք, և՛ «ներքևները»՝ մենք բոլորս։ Սակայն ամենից շատ նրան սիրում են երեխաները։ Յուրաքանչյուր մանուկ հանդիպելով Հրանտին՝ հասկանում է. նա մի մարդ է, ով կարողանում է «լեզու գտնել» իր հետ։ Առանց ավելորդ սեթևեթանքի՝ Հրանտ Թոխատյանը երեխաների հետ խոսում է հավասարի պես, առաջարկում այնպիսի պարոդոքսալ մտքեր, որ երեխան սկսում է լարել իր երևակայությունը, որն, ավաղ, ամենօրյա կյանքում նրան այդքան էլ պետք չի գալիս։ Գուցե այդ պատճառով էլ Հրանտ Թոխատյանը շատ է կարևորում իր մասնակցությամբ «Մեր այբբենարանը» բազմասերիանոց ֆիլմը, որտեղ երեխաներին առաջարկվում է համատեղել խաղն ու ուսուցումը։ Վերջիվերջո, կյանքը խաղ է։ Եվ Հրանտ Թոխատյանն էլ գրեթե միշտ խաղում է։ Դա նրա աշխատանքն է։ Ավելի ճիշտ, դա է նրա կյանքը։

Հունվարի 10-ին Հրանտ Թոխատյանը դարձավ 50 տարեկան։ Կլոր այդ տարեդարձը Հրանտն իր ընկերների ու ծանոթների հետ (որոնց շարքերում էր, առանց չափազանցության կարելի է ասել` Երևանի բնակչության կեսը) նշեց Սունդուկյանի անվան թատրոնի բեմում։ Խաղընկերները, ընկերները, ընտանիքի անդամներն ու պաշտոնական անձինք շնորհավորում էին նրան, նվերներ նվիրում, (նա պարգևատրվեց «Անդրանիկ Օզանյան» հուշամեդալով)։

pizap.com14707413785121

Տարեդարձը նույնպես աշխատանք էր, քանի որ Հրանտն այդ օրը միայն շնորհավորանքներ չէր ընդունում, այլ՝ ներկայացնում էր մենախոսություններ ու հատվածներ այն բեմադրություններից, որտեղ խաղացել է։ Դրանք այնքան էլ շատ չէին, քանի որ թատրոնը նրան շռայլորեն դերեր չի առաջարկել։ Թատրոնն, ընդհանրապես, կարծես թե այսօր ոչինչ չի առաջարկում մեզ։ Սպասումի մեջ է նաև կինոն։ Եվ խարակտերային դերասան Հրանտ Թոխատյանն էլ սպասում է իր լավագույն դերին։ Այն դերին, որը փոքր-ինչ նման կլինի «Մեր բակը» հեռուստաֆիլմի միամիտ ու ճարտարախոս Հրանտին, «Մեր այբբենարանը» ֆիլմի աճպարար փիլիսոփա ուսուցչին, կամ էլ գլուխգովան ու միաժամանակ խորամանկ Քաջ Նազարին, կամ էլ կինոհերոս Կամոյին, որին հայ հանդիսատեսը ծանոթ չէ։

Ներկա լինելով Հրանտ Թոխատյանի բեմադրությունների ու ֆիլմերի հատվածների հետահայաց ցուցադրմանը, հասկանում ես, որ նա շատ ավելին կարող էր անել կինոյում ու թատրոնում, քան արել է։ Նա կարող էր և՛ Սիրանո դը Բերժերակ խաղալ, և՛ Շեքսպիրյան ցանկացած կատակերգության մեջ։ Տարիներ առաջ, լինելով Կամերային թատրոնի արտիստ, նա, թերևս, իր ամենավառ կերպարները «Քաջ Նազար» և «Հայք» ներկայացումներում ստեղծեց։ Իսկ հետո բեմն ու կինոն դադար վերցրեցին, հերոսները փոխվեցին։ Եվ Հրանտ Թոխատյանը պրոդյուսեր Արմեն Համբարձումյանի ու ռեժիսոր Արթուր Սահակյանի հետ (ովքեր նաև այս հոբելյանական երեկոյի հեղինակներն էին) բեմադրեց «Խաթաբալադա» և «Mea culpa» ներկայացումները, որտեղ Հրանտը հերոսների կոլաժային շարաններ ստեղծեց։ Հերոսները շատ տարբեր էին, տարբեր էին բեմական դիմակները, բայց բոլոր հերոսները Հրանտի ներուժն ու հմայքն ունեին։ Խառնաշփոթ այս կյանքում հերոսներն էլ էին խառնաշփոթ ու մտահոգ։

Մտահոգված լինելն այսօր բնորոշում է մեր բոլորիս կյանքը։ Ի՞նչ է լինելու վաղը, և ո՞վ է այդ ամենի համար պատասխանատու։ Հրանտ Թոխատյանն իր ծննդյան օրը, կլոր հոբելյանի ժամանակ, մեծ բազմության առջև շատ տխուր պատկեր ներկայացրեց և անսպասելի մի սուր մենախոսություն կարդաց։ Ժպիտն ու վախվորած կատակերգությունը կարելի է մի կողմ դնել ու, վերջիվերջո, նկատել, որ մենք կորցնում ենք ոչ միայն մեր քաղաքը, մենք կորցնում ենք նաև մեր քաղաքացիներին։ 50-ամյա Հրանտ Թոխատյանը ցանկացավ ոչ միայն իր ուրախությունը, այլև՝ իր մտահոգությունը «կիսել» երևանցիների հետ։ Եվ դա դարձավ նրա տարեդարձի ամենագեղեցիկ ու հնչեղ ակորդը։ Դերասանը միայն դեր ասող չէ, դերասանը բեմի տերն է։ Որտեղ ուզի՝ կխոսի, իսկ որտեղ պետք է՝ դադար կվերցնի ու կլռի։ Հրանտ Թոխատյանը դադարի ու խոսքի մեծ վարպետ է։ Նրա կանայք, երեխաներն ու ընկերները լավ գիտեն այդ մասին։ Գիտի նաև հանդիսատեսը, որը նրանից նոր դերեր է սպասելու, այնպիսի դերեր, որտեղ ողբերգությունն ու ժպիտը կողք կողքի են խոսում ու լռում։

Նունե Հախվերդյան

Լուսանկարները` Սերժ Դավիդովի

«3 Միլիոն»