Սեպտեմբերի 30–ին կմեկնարկի «Հայաստանի ձայնը» նախագծի չորրորդ եթերաշրջանը, որի հաղորդավարներն են Նազենի Հովհաննիսյանն ու Արա Ղազարյանը։ Վերջինս ԱՄՆ–ից Հայաստան է եկել հատուկ այս նախագծի համար։ Այս ամիսների ընթացքում նա պարբերաբար կմեկնի ԱՄՆ և կվերադառնա Հայաստան։
Tert.am Life–ի հետ զրույցում Արան ասել է, որ շոյված է այս առաջարկից, քանի որ նախագիծը լուրջ ձևաչափ է։ Հաղորդավարի թեկնածությունը վերջնականապես հաստատվում է Հոլանդիայում։ Արայի խոսքով` իրեն ավելի շատ ուրախացրել է, ոչ թե հոլանդացիների հաստատումը, այլ Հայաստանում գործող պրոդյուսերների ընտրությունը։ «Կարծում եմ` տեղում աշխատող պրոդյուսերներն այնքան լուրջ են, որ ում թեկնածությունն էլ առաջարկեին, կհաստատվեր։ Ինձ համար մեծ պատիվ է, որ նրանք ինձ են ընտրել»,– նշեց նա։
Շոումենը նոր թիմին ադապտանալու խնդիր չի ունեցել, քանի որ բոլորին ճանաչում է, Նազենիի հետ էլ առաջին անգամ չէ ներկայանում դուետով. «Շատ հարգում և գնահատում եմ Նազենիին` որպես շատ վառ հեռուստաանհատ։ Կարծում եմ`տանդեմը կստացվի»։
Ե՛վ ուրախության, և՛ տխրության պահին մասնակցին առաջին խոսք ասողը հաղորդավարն է։ Սա շոումենից պահանջում է նաև հոգեբանական ճիշտ աշխատանք։ «Ես փորձում եմ այնպես անել, որ մասնակիցներն իրենց լավ զգան։ Փորձում եմ քաջալերել, որովհետև մարդիկ ամիսներ շարունակ երազել են այդ մասին։ 3 րոպեի ընթացքում երազանքը կոտրվում է։ Բարդ է, պետք է ուժեղ լինես, որ հաղթահարես դա։ Յուրաքանչյուր մարդ ունի արժանապատվություն։ Եթե չի անցնում, արդեն սթրեսով գալիս է այդ սենյակ, պետք է գոնե լավ խոսքեր ասել։ Լինում է, երբ մի քիչ էլ կեղծում եմ, բայց կարծում եմ` ավելի լավ է այդպես, քան մարդը հոգեբանական տրավմայով հեռանա նախագծից։ Ես դեմ եմ սև հումորով հաղորդավարական ուղղությանը, դա շատ տգեղ է, տպավորություն է` հաղորդավարն ինքնահաստատվում է։ Ես փորձում եմ մասնակցին խորհուրդ տալ` որպես ավագ ընկեր, քաջալերել, եթե չի անցել»,– ընդգծեց հաղորդավարը։
Ամբողջությամբ՝ life.tert.am