Փոքրիկ Դալիթան այլևս չափահաս է: Երգչուհի, դերասանուհի ու նաև մոդել Դալիթան երեկ նշում էր ծննդայն 18-ամյակը, որի մանրամասների մասին պատմել է Life.panorama.am-ին:
«Շատ ուրախ և բարձր տրամադրությամբ եմ երեկվա օրս անցկացրել: Ինչպես ամեն տարի, առաջինը ընտանիքիս անդամներն ինձ շնորհավորեցին: Կեսգիշերից սկսած սկսվեցին շնորհավորանքներն ու անակնկալները, հեռախոսս չէր դադարում ընկերներիս ու հարազատներիս զանգերից և հաղորդագրություններից, իսկ սոցցանցերում ստացել եմ բարեմաղթանքներ նաև երկրպագուներիս կողմից: Առավոտյան, երբ դասի գնացի, համալսարանում նույնպես շատ շնորհավորանքներ ստացա ընկերներիս և համակուրսեցիներիս կողմից, ինչպես և անակնկալ նվերներ ու փուչիկներ մտերիմ ընկերուհիներիցս: Ուրախ եմ, որ շրջապատված եմ այսքան ջերմությամբ: Երջանկությանս համար անչափ շնորհակալ եմ բոլորին: Իսկ երեկոյան արդեն տանը ընտանիքիս անդամների հետ միասին նշեցինք, նրանք ինձ ուրախացրեցին նվերներով, ծաղկեփնջերով և տոնական տորթով»,- պատմեց Դալիթան ու խոսեց ամենահուզիչ շնորհավորանքների մասին.
«Ամենահուզիչը, ինչպես ամեն տարի, մայրիկիս և մորաքրոջս շնորհավորանքներն էր: Միշտ հուզվում եմ նրանց շնորհավորանքներից և արտասվում: Ես միայն շնորհակալություն եմ հայտնում Աստծուն այն բոլոր բարիքների, օրհնությունների և այն թանկ մարդկանց համար, որ պարգևել է ինձ»,- հավելեց նա:
Դալիթան մշտապես տպավորված է որպես փոքրիկ, երկար, ոսկեգույն վարսերով երգչուհի, ում ձայնը հնչեց նաև «Մանկական Եվրատեսիկ 2011»-ում: Թեև երգչուհին արդեն օրիորդ է, սակայն չի նեղվում, որ շարունակվում է ընկալվել որպես փոքրիկ Դալիթա.
«Այո, ճիշտ եք: Միգուցե շատերն են ինձ դեռ ընկալում որպես փոքրիկ Դալիթա՝ հատկապես տատիկս և մամաս, բայց, բնականաբար, կա մեծ փոփոխություն և հասունություն, թեև չեմ շտապում մեծանալ։ Փորձում եմ ապրել տարիքիս համապատասխան՝ առանց արհեստականության»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով այս շրջանի իր աշխատանքային գործունեությանը՝ երգչուհի-դերասանուհին նշեց.
«Շուտով եթերում կլինի մանկապատանեկան մյուզիքլ-սիթքոմ «Նվագախմբի երեխաները», որտեղ ես կատարում եմ Աննայի դերը: Իսկ երգարվեստի հետ կապված՝ ունեմ նոր երգեր, որոնք գործիքավորման ընթանցքում են, ի դեպ՝ դրանցից մեկը հենց ինքս եմ գրել: Արտասահմանից ստացել եմ համերգային և մրցութային հրավերներ, բայց քանի որ ուսանող եմ և ամերիկյան համալսարանում շատ ծանրաբեռնված եմ դասերով, դեռ պետք է մտածեմ մասնակցությանս մասին»: