Վերջին օրերին հայկական և ռուսական մամուլում, ամենաքննարկվող թեման, թերևս, «Տաշիր» ընկերությունների սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի և նրա ընտրյալի ՝ Լիլիթի հարսանիքն էր, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին՝ Մոսկվայի «Սաֆիսա» ռեստորանում:
Պարբերաբար համացանցում հայտնվեցին նոր տեղեկություններ և մանրամասներ հարսանեկան խնջույքից, հարսի զգեստից, հյուրերից և, իհարկե նրանից, թե որքան գումար է արժեցել հարսանյաց հանդեսը: Բացի այս ամենից, համացանցում հայտնվեց նաև Լիլիթի հարսի պարի տեսանյութը:
Asekose.am-ը զրուցել է Լիլիթի պարուսույցի՝ «Հայորդիք» համույթի գեղարվեստական ղեկավար Անահիտ Սարգսյանի հետ, ով պատմել է իր և Կարապետյան ընտանիքի համագործակցության, Լիլիթի պարի դասընթացների և այլ մանրամասների մասին:
«Մեր համագործակցությունը սկսվել է դեռ մի քանի տարի առաջ: Այս ընթացքում բեմադրել եմ Սամվել Կարապետյանի 50-րդ տարեդարձի համար բեմադրված պարը, նախորդ տարի նրա ավագ որդու՝ Սամվելի և նրա կնոջ՝ Սալոմեի հարսանեկան պարը, իսկ այժմ էլ՝ Լիլիթի հարսի պարը»,- պատմեց Անահիտ Սարգսյանը՝ նշելով.
«Պետք է ասեմ, որ Լիլիթը շատ ընդունակ ու բարեհամբույր աղջիկ է: Նրա տեխնիկայի վրա աշխատելու խնդիր չկար, ընդամենը պետք էր ճիշտ ներկայացնել Լիլիթին: Պետք է նշեմ, որ նա կարողացավ ցույց տալ գեղեցիկ և չքնաղ հարսի պար, իր մեջ կար այն իշխանական կեցվածքը, որը որ պետք էր»,- ասաց պարուսույցը:
Անահիտ Սարգսյանը մանրամասնեց, որ Լիլիթի հարսի պարի երաժշտությունը և տարազը, որը որ նա հագել էր, պատրաստված էին հատուկ այդ օրվա համար.
«Երաժշտությունը հատուկ գրվել էր Լիլիթի և Կարենի համար, քանի որ այն հարսի պարի բոլոր երաժշտությունները, որոնք կան, արդեն շատ «ծեծված են»: Այդ իսկ պատճառով դիմեցինք երաժիշտ Ռադիկ Վանյանին, ով էլ ստեղծեց այդ գեղեցիկ երաժշտությունը»,- պատմեց Անահիտ Սարգսյանը.
«Երաժշտության հետ միասին Լիլիթի պարի մեջ փորձել ենք մաքսիմալ օգտագործել պարային շարժումները, քանի որ Լիլիթի պարային ունակությունները, իսկապես, անսպառ էին»,- հավելեց պարուսույցը:
Անդրադառնալով իրենց համագործակցության ֆինանսական կողմին՝ Անահիտ Սարգսյանը չցանկացավ գումարի որևէ կոնկրետ չափ նշել: Վերջինս նշեց միայն, որ որևէ աստղաբաշխական թիվ չի եղել, հակառակը, դա շատ մատչելի և բոլորին հասանելի գումար է եղել:
Զրույցի ընթացքում, վերհիշելով նաև նախորդ տարի կայացած Սամվել Կարապետյանի ավագ որդու՝ Սարգիսի հարսանիքը, Անահիտ Սարգսյանը խոսելով նրա՝ ազգությամբ վրացի հարսնացուի՝ Սալոմեի մասին, պատմեց, որ վերջինս շատ էր ցանկանում իր հարսանեկան խնջույքի ժամանակ պարել հայկական պար.
«Նա անգամ պատրաստ էր վրացական պար չպարեր, միայն թե իր հայկական պարը լիարժեք լիներ: Ընտրել էինք հայկական ավանադական «Ուզունդարա» պարը: Սալոմեն ևս բնավորությամբ շատ հեշտ մարդ էր, նա և Սարգիսը մոտ մեկուկես ամիս հաճախում էին պարի դասընթացների, նրանք երկուսն էլ շատ էին ցանկանում, որպեսզի ամեն ինչ իդեալական լիներ»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց Անահիտ Սարգսյանը: