26 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին` անկախությունն ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման անշեղ ուղի: Այս տարի մենք նշում ենք մեր երկրի անկախության 26-ամյակը: Այս առիթով «Արմենպրես»–ի թղթակիցը զրուցեց մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ:
«Մարդու կյանքն ամենամեծ արժեքն է, և մարդուն ինչպես մշակույթի, այնպես էլ գիտության, արդյունաբերության, կրթության և այլ ոլորտներում լիակատար արտահայտվելու, ստեղծագործելու համար ազատություն է անհրաժեշտ: Այս տարիների ամենամեծ ձեռքբերումն ըստ իս երիտասարդությունն է: Եկել է մի սերունդ, որը պարզապես չի պատկերացնում Հայաստանը, որպես ոչ անկախ պետություն»,-ասաց Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը:
Նա շեշտեց, որ մենք շատ երկար ենք զրկված եղել անկախությունից և կորցրել մի շարք կարևոր բաներ, քանի որ մեր ապահովությունը, առաջընթացը հաճախ կապել ենք տարբեր հովանավորների հետ: «Անցյալ տարվա ապրիլյան դեպքերն ապացուցեցին, որ մեր լավագույն պաշտպանությունը մեր անկախությունն է և հենց մենք: Մշակույթի տեսանկյունից եղավ հետևյալը. նրանք, ովքեր արվեստն ընկալում են որպես ազատ ստեղծագործելու արտահայտչամիջոց, այս տարիներին շահեցին: Տիկնիկային թատրոնն 82 տարեկան է: Խորհրդային միության տարիներին այն երկու անգամ է մասնակցել միջազգային փառատոների, իսկ անկախության տարիներին` 60-ից ավելի: Պետք է գնահատել դժվարությամբ ձեռք բերված անկախությունն ու պահպանել այն»,-եզրափակեց Բաբայանը:
ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանի խոսքով` անկախությունը նախևառաջ պատասխանատվություն է: «Անկախանալով պարտավորվում ենք ինքնուրույն ու ճշմարիտ ապագա կերտել: Անդրադառնալով թատրոնին` պետք է շեշտեմ, որ այն երկրի փոքր մոդելն է: Հուսամ, որ մեր երկիրը քաղաքական առումով ավելի ճիշտ ճանապարհի վրա է, քան թատրոնը»,-ընդգծեց նա: «Չեմ կարող չխոսել օպերային թատրոնի մասին, որն այս տարիներին և’ վերելքներ, և’ վայրէջքներ է ունեցել: Գալով օպերային թատրոն` փորձեցի մրցունակ, նորովի լուծումներով ներկայացումներ բեմադրել, որոնք հետաքրքիր կլինեն թե’ կատարողական, թե’ ստեղծագործական առումով: Սակայն հաճախ գավառական հարցեր են լուծվում թատրոնում: Երբեմն մենք չենք մտածում, որ պետք է գալ թատրոն ու տեսնել գործեր, որոնք կբուժեն մեր ազգի ոգին, որը յոթանասուն տարի որոշ կաղապարների ու ճգնաժամի մեջ է եղել: Գնահատելով մեր երկրի անկախությունը պետք է լուծենք նաև այս խնդիրները: Ամեն բան դեռ առջևում է»,-ասաց Խառատյանը:
Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991 թ. սեպտեմբերի 21-ին պետք է անցկացվեր ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե:
Հանրաքվեն անցկացվեց խորհրդային ընտրական օրենսգրքով և անցավ ազատ ու թափանցիկ: Ընտրություններից երկու օր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն՝ քաղաքացիների 95,5 տոկոսը: Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 հոգի, դեմ` ընդամենը 0,46 տոկոսը: Որ հանրաքվեն անց էր կացվել արդար ու թափանցիկ, վկայում էին 25 երկրներից գրանցված 117 դիտորդները: Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը փաստացիորեն հռչակեց այն ժամանակ, երբ ԽՍՀՄ փլուզումն արդեն գրեթե անկասելի գործընթաց էր:
Անժելա Համբարձումյան