Երջանիկ եմ, որ թոռնիկներս իրենց ապագան մեր երկրում են տեսնում. Սոֆի Դևոյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Երջանիկ եմ, որ թոռնիկներս իրենց ապագան մեր երկրում են տեսնում. Սոֆի Դևոյան. life.panorama.am

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ Life.panorama.am-ի հետ զրույցում իր բարեմաղթանքն է հղել ՀՀ վաստակավոր արտիստուհի Սոֆի Դևոյանը ու նշել` այս օրերին կրկին սիրահարվել է մեր երկին:

«Շնորհավորում եմ բոլորիս  այս կարևոր տոնի կապակցությամբ: Ես շատ երջանիկ եմ, որ ապրում եմ հենց այս երկրում: Ի դեպ` այսօր եմ վերադարձել Երևան, տղայիս ծննդյան օրվա կապակցությամբ մենք ընտանիքով որոշեցինք շրջել Հայաստանով մեկ, լինել նաև Արցախում, ու պետք է խոստովանեմ, որ մեծ բավականությամբ եմ  վերադարձել. ես կրկին  սիրահարվեցի մեր երկրին: Իհարկե, նախկինում առիթներ ունեցել եմ լինել տարբեր վայրերում, բայց երևի ամեն տարիքում նորովի ես ընկալում, բոլորովին այլ կերպ ես արժևորում: Ես իսկապես հպարտ եմ, որ այս երկրի բնակիչն եմ, հավատում եմ, որ գնալով մեր երկիրը բարգավաճելու է, քանի որ տարիներ առաջվա համեմատությամբ մեր երկիրն իսկապես շատ առաջընթաց է ապրել»,- նշեց Սոֆի Դևոյանն ու իրենց ընտանեկան ճանապարհորդությունից մի դրվագ պատմեց, որը շատ էր հուզել պարուհուն.

«Գիտեք, երբ վերադառնում էինք ու արդեն պետք է հասնեինք Երևան, հանկարծ թոռնիկս ասաց` «Տատա, ես արդեն կարոտել եմ մեր քաղաքը, մեր տունը, ես ուրիշ ոչ մի տեղ չեմ ցանկանա ապրել, ես երբեք չեմ գնա մեր երկրից, միշտ այստեղ պետք է ապրեմ»: Հավատացեք`այդ խոսքերն ինձ համար չափազանց հուզիչ ու կարևոր էին: Երջանիկ եմ, որ թոռնիկներս իրենց ապագան մեր երկրում են տեսնում ու պատրաստ են անեն այն ամենն, ինչն իրենց պարտականությունների մեջ է մտնում: Ուզում եմ, որ մեր երիտասարդությունն այստեղ իրենց շատ լավ ու հաստատ զգա, ուզում եմ նրանք երբևէ չամաչեն ու չմտածեն հեռանալու մասին: Շատ եմ ցանկանում, որ մեր ժողովուրդը համբերատար լինի ու միշտ լավ տրամադրությամբ ապրի: Մեր հաջողության գրավականներից մեկն այն կլինի, եթե յուրաքանչյուրը գտնի այն գործը, որն ինքը սիրում է: Այդ դեպքում մեր երկիրը շատ մեծ աճ կունենա»,- ընդգծեց նա:

Սոֆի Դևոյանի խոսքով`մեր երկիրն այս տարիների ընթացքում մեծ ձեռքբերումներ է գրանցել, բայց բացթողումներ դեռևս ունենք.

«Ճանապարհորդելով մեր երկրում` նկատեցի, որ ճանապարհները բավակնին բարվոք էին, միաժամանակ շատ սրբավայրեր տանող ճանապարհները կառուցված չէին, ինչը ինձ շատ տխրեցրեց: Կցանկանայի ամեն քայլափոխի աղբամաններ լինեին, կուզեի մեր գյուղը` Պտղնին, ավելի մաքուր լիներ: Գիտեք, երբ մտնում եմ գյուղ, հաճախ եմ մեքենան կանգնեցնում, իջնում, մի քանի բաներ հավաքում, բայց դա լուծում չէ: Եթե այս փոքր թվացող երևույթները կարգավորվեն, ապա ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ: Կարծում եմ, այդ ամենը ժամանակի ընթացքում կփոխվի, պետք է մարդիկ էլ իրենց մտածելակերպով փոխվեն, ընդունեն, որ մեր երկիրը մեր մեծ ընտանիքն է, որտեղ ամեն ինչ պետք է կոկիկ ու մաքուր լինի, ինչպես մեր տները»,- ավարտեց Սոֆի Դևոյանը:

life.panorama.am



Նման նյութեր