Միխայիլ Գիորգաձե. «Բարի նախանձով նայում էի Հայաստանում գտնվող մեր հուշարձաններին»
Advertisement 1000 x 90

Միխայիլ Գիորգաձե. «Բարի նախանձով նայում էի Հայաստանում գտնվող մեր հուշարձաններին»

Վրաստանի մասնագետները բարձր են գնահատել Հայաստանում գտնվող վրացական մշակույթի հուշարձանների վերանորոգման աշխատանքներն իրականացրած հայ ռեստավրատորների պրոֆեսիոնալիզմը։ Այդ մասին լրագրողներին ասել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխայիլ Գիորգաձեն։

«Ես բարի նախանձով էի նայում և հաճոյախոսություններ անում այն մասնագետներին, ովքեր Հայաստանում իրականացնում են վրացական հուշարձանների վերանորոգման աշխատանքները», – ասել է Գիորգաձեն։

Միխայիլ Գիորգաձեի նշանակումից հետո սա նրա առաջին այցն էր Հայաստան։

Գիորգաձեն Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ քննարկել է համագործակցության խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ` երաժշտությունից մինչև նկարչություն։

«Մեր նպատակը երկու երկրների տարածքում գտնվող մշակութային ժառանգություն ներկայացնող հուշարձանների պահպանության, վերականգնման և կոնսերվացիայի մասին հոգ տանելն է», – ասել է Գիորգաձեն։

Կողմերը նաև հնագիտության ոլորտում համագործակցության և մասնագետների փոխանակման հարցում պայմանավորվածություն են ձեռք բերել։

Վրաց նախարարը նաև շնորհավորել է Հայաստանին` Անկախության տոնի կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ նման փոքր երկրների համար, ինչպես Հայաստանն ու Վրաստանն են, անկախությունը գոյատևմանն է հավասար։

armeniasputnik.am