Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի օրակարգում նախատեսված է այց Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը: «Այց օրակարգում կա, սակայն ժամկետները դեռ հստակեցված չեն»,- ընդգծեց նա:
Իրանի էներգետիկայի փոխնախարար Ալի Ռեզա Դայեմին օրերս իրանական լրատվամիջոցներին հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մտադիր է այցելել Թեհրան՝ ընդգծելով, որ հայ-իրանական կապերը տարբեր կրոններ դավանող երկրների բարեկամության փայլուն օրինակ են:
Դայեմին, ով նաև Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության հանձնաժողովի ղեկավարն է, շնորհավորելով ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձը, ընդգծել է, որ այդ անցնող տարիների ընթացքում Իրանը ոչ մի ջանք չի խնայել՝ նպաստելու Հայաստանի առաջընթացին, զարգացմանն ու անվտանգությանը:
Նա նշել է, թե Իրանը հավատացած է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորվեն խաղաղ ու կառուցողական երկխոսության միջոցով: