«Շնորհավորում եմ Հայաստանի և աշխարհասփյուռ հայությանը, բոլորիս ցանկանում եմ, որ անկախ ու ազատ լինելու կարևոր պատվին արժանի լինենք, որովեհետւ անկախ պետություն ունենալ և ապրել աշխարհի մեծ պետությունների ընտանիքում, փոխհարաբերվելով նրանց հետ և ունենալ դիվանագիտական մեծ շփումներ, մեծ պատիվ է մեզ համար: Պետք է խոնարհվել այն հրաշալի պետության առաջ, որ արարչախորան երկիր Հայաստան է կոչվում»,- Life.panorama.am-ի հետ զրույցում Հայաստանի անկախ հանրապետության 26-րդ ամյակի կապակցությամբ իր շնորհավորանքը հղեց դերասան Հարություն Մովսիսյանը:
Խոսելով մեր երկրի գլխավոր ձեռքբերումների և բացթողումների մասին` նա նշեց.
«Մեր ամենամեծ ձեռքբերումը հենց այն փաստի մեջ է, որ կարողանում ենք մեր սկսած աշխատանքը պահել և փայփայել, մեր հաղթանակների տերը լինել: Մենք գտնվում ենք աշխարհագրական բավականին ոչ հարմար վայրում, մենք չունենք ծովային սահմաններ, շրջապատված ենք ոչ երանելի հարևաններով, իսկ անբարիշտ երկրների միջև ամրացնել հայկական դիվանագիտությունը և ուժեղացնել պետականությունն ու բանակը, շատ մեծ ձեռքբերում է: Մենք ճիշտ ուղղությամբ ու առաջադեմ գաղափարներով ենք ընթանում, և ուզում եմ, որ մեր ժողովուրդը շարունակի գնալ այդ ուղղությամբ: Մենք խաղաղասեր քաղաքականություն ունենք, ինչը մեծ ձեռքբերում է: Ինչ վերաբերվում է բացթողումներին, մեզ պակասում է սփյուքռի հետ կապերի ամրացումը: Սփյուռքում ապրող ամեն մի հայ պետք է իմանա, որ Հայաստանն իր երկիրն էլ է, դա պետք է դարձնել հաց ու ջրի պես անհրաժեշտ մի բան: Սփյուռքը երբեք չպետք է մոռանա իր հայրենիքի մասին, ապրելով ուրիշ երկրում` պետք է նաև տարված լինի իր հայրենիքի հոգսերին ու խնդիրներին, նրանք երբեք հոգեպես չպետք է հեռանան հայրենիքից: Օրերս կայացավ Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը, ինչն ինձ համար խիստ կարևոր էր: Դա պետք է դառնա ոչ թե ձևական բնույթի մի բան, այլ իսկապես դրա շրջանակում հարցեր դրվեն, որոնք հետո իրենց լուծումները կունենան: Այդ դեպքում հնարավոր է, որ մենք էլ ավելի մեծ աճ ունենանք: Պետք է ավելի մոլեգին, սիրով ու հաճույքով մեր երկրին տերություն անենք: Երբեք չպետք է հուսահատվել, փոխարենը առաջ շարժվել ու դժվարություններին հաղթել»: