Մոսկվա–Գյումրի չվերթի ինքնաթիռում ծխող ուղևորը մնացել է Մինվոդիում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից` հավելելով, որ Մինվոդիում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռը մեկ ժամ անց Գյումրի է ուղևորվել առանց կարգազանց ուղևորի։
«Ինքնաթիռը Մինվոդիի օդանավակայանում հարկադիր վայրէջք է կատարել 18։45-ին և 19։55-ին դարձյալ ուղղություն է վերցրել դեպի Գյումրի, բայց արդեն առանց ծխող ուղևորի»,– հայտնեց վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։
Ինքնաթիռից իջեցնելուց ու ոստիկանությանը հանձնելուց բացի, չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերությունը որոշում է կայացրել նաև տուգանել ծխող ուղևորին։
Ավիաընկերության գրասենյակից Sputnik Արմենիային հայտնեցին, որ իրավախախտը ստիպված կլինի փոխհատուցել հարկադիր վայրէջքի հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում` վառելիքի, Մինվոդիի օդանավակայանում վայրէջքի սպասարկման, ինքնաթիռի անձնակազմի լրացուցիչ աշխատաժամանակի դիմաց հավելավճարի։
Մոտավոր հաշվարկով տուգանքը կկազմի շուրջ 200 000 ռուբլի, որը համարժեք է 1.5 մլն ՀՀ դրամին։
«Այս կերպ «Պոբեդան» որոշել է խստացնել ինքնաթիռում ծխելու դեմ պայքարը, հատկապես, որ նման դեպքերի վիճակագրությունն աճի միտում ունի»,– հայտնում են «Պոբեդայից»։
Ընկերության տրամադրած վիճակագրության համաձայն` 2017թ–ի ընթացքում նման 30 դեպք է գրանցվել։ Ընկերությունը նաև զգուշացնում է` դեպքերի կրկնության դեպքում ինքնաթիռն այսուհետ պարտադիր վայրէջք կկատարի մոտակա օդանավակայանում, իրավախախտը կհանձնվի իրավապահներին և կփոխհատուցի վայրէջքի հետ կապված բոլոր վնասները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21–ին Մոսկվայից Գյումրի ուղևորվող ինքնաթիռը խնդրել է չպլանավորած վայրէջք` Մինվոդիի օդանավակայանից` ծխող ուղևորի պատճառով։