Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Բաթումի «Բելլա կոստա» հյուրանոցային համալիրում սեպտեմբերի 21-ին կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Միջոցառմանը ներկա էին Աջարիայի Ինքնավար Հանրապետության (ԱԻՀ) կառավարության նախագահը, ԱԻՀ առողջապահության, գյուղատնտեսության նախարարները, հյուպատոսական շրջանի մեջ գտնվող Գուրիա երկրամասի վարչական կենտրոն Օզուրգեթի քաղաքապետը, ԱԻՀ այլ պաշտոնյաներ, մտավորականության, գործարար շրջանակների, գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ների ղեկավարներ և լրագրողներ, Աջարիայի և Գուրիայի հայ համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ:
Իր ողջույնի խոսքում Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 26-ամյա ուղին և ձեռքբերումները, ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության գերակայությունները, հայ-վրացական բարեկամական հարաբերություններն և դրանցում հայ համայնքի ունեցած մեծ դերն ու նշանակությունը:
Իր շնորհավորական ելույթում ԱԻՀ կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն, անդրադառնալով վրաց-հայկական ավանդական բարեկամությանն ու երկու երկրների միջև համագործակցությանը, կարևորեց Հայաստանի և Վրաստանի վարչատարածքային տարբեր միավորների միջև ապակենտրոնացված համագործակցության խորացումը՝ այդ համատեքստում ընդգծելով Լոռու մարզի հետ կապերի ակտիվացումը: Կառավարության նախագահն առանձնահատուկ ընդգծեց աջարահայ համայնքի կարևոր դերը հայ-վրացական երկկողմ հարաբերություններում:
Միջոռացմանը ելույթներով հանդես եկան նաև Օզուրգեթի քաղաքապետ Բեգլար Սիորիձեն, Հայ առաքելական եկեղեցու Աջարիայի և մերձակա շրջանների հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգորի Վարդանյանը, Աջարիայի՝ «Մեր տունը Վրաստանն է» հայ-վրացական ընկերության ղեկավար Սահակ Տալիտյանը, հայտնի գրող և հայ գրականության թարգմանիչ Վախտանգ Ղլոնտին և այլոք: