Էրդողանը ԱՄՆ-ում. Ծեծկռտուքների ժամանակացույց. Ամերիկայի Ձայն (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Էրդողանը ԱՄՆ-ում. Ծեծկռտուքների ժամանակացույց. Ամերիկայի Ձայն

ԱՄՆ-ի և միջազգային հանրության աչքի առջև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ԱՄՆ կատարած վերջին երկու այցերի ժամանակ նրա աշխատակիցների կողմից բռնության դեպքեր են գրանցվել: Ներկայացնում ենք դրանց ժամանակացույցը, մեկնաբանությունները թողնելով ձեզ:

Հինգշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի աջակիցները Նյու Յորքի հյուրանոցներից մեկում ձեռքերով և ոտքերով հարվածել են վերջինիս ելույթը ընդհատած երեք ցուցարարների:

Նյու Յորքում Էրդողանը ելույթով հանդես էր գալիս թուրք-ամերիկյան Ազգային ղեկավար կոմիտեի կազմակերպած միջոցառմանը ներկա հարյուրավոր հյուրերի առջև: Թուրքիայի նախագահի ելույթն ընդհատել է մի անձնավորություն, ով սկսել է բացականչել «ահաբեկիչ» բառը:

«Ամերիկայի Ձայն»-ի նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները Էրդողանի կողմնակիցների հարվածների տարափի ներքո փորձում դուրս բերել այդ անձնավորությանը դահլիճից դեպի ավելի անվտանգ տարածք:

Մի փոքր ուշ, երբ երկրորդ անձը սկսել է բացականչել նույն բառը, նա ևս բռնության է ենթարկվել Էրդողանի աջակիցների կողմից՝ ստանալով հարված գլխին Թուրքիայի դրոշով: Վերջինիս ևս անվտանգության աշխատակիցները դուրս են բերել դահլիճից:

Էրդողանն արձագանքել է՝ կոչ անելով,- «կարիք չկա մի քանի ահաբեկիչների պատճառով խաթարել միջոցառումը»:

Ապա երրորդ ցուցարարն է սկսել մեղադրել նախագահին դահլիճի մեկ այլ անկյունից: Թեև տեսախցիկը չի գրանցել այդ միջադեպը, տարածքում գտնվող «Ամերիկայի Ձայն»-ի աշխատակիցը վկայում է, որ նրան նույնպես ծեծելով դուրս են բերել:

Վերջին չորս ամիսների ընթացքում սա երկրորդ անգամն էր, երբ ավտորիտար այս առաջնորդի ԱՄՆ կատարած այցի ժամանակ բռնություն է կիրառվել:

Հիշեցնենք, որ մայիսին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի տան դիմաց Էրդողանը դիտում էր, թե ինչպես էին իր թիկնապահներն ու աջակիցները հարձակվում ցուցարարների վրա և ծեծի ենթարկում նրանց: Այդ միջադեպի ժամանակ վնասվել էր 9 մարդ:

Օգոստոսի 29-ին Վաշինգտոնում ծեծկռտուքի առնչությամբ մեղադրանք էր ներկայացվեց 19 մարդու, ներառյալ Թուրքիայի անվտանգության 15 աշխատակիցների: Նրանք մեղադրվում են բռնության և դավադրության հանցագործությունները կատարելու մեջ: Հանցանք, որն օրենքով պատժելի է առավելագույնս 15 տարվա ազատազրկմամբ:

Էրդողանն ու նրա կառավարությունը իրենց հերթին այս միջադեպի համար մեղադրել են ԱՄՆ-ի կառավարությանը՝ բավարար չափով անվտանգություն չապահովելու համար: Թուրքիայի դիվանագետները ապա ասել են, թե ցուցարարները առնչություն են ունեցել Քրդական աշխատավորական կուսակցության հետ, սակայն այդ առնչությամբ որևէ ապացույց չեն տրամադրել:

Այս միջադեպի առնչությամբ, որպես դիվանագիտական բողոք, Միացյալ Նահանգները Անկարայից հետ էր կանչվել իր դեսպանին: ԱՄՆ-ի որոշ օրենսդիրներ պահանջել են որպեսզի Միացյալ Նահանգները ավելի կոշտ քայլեր ձեռնարկի: Հանրապետական սենատոր Ջոն ՄըՔեինն առաջարկում էր Թուրքիայի դեսպանին հեռացնել երկրից:

Հիշեցնենք նաև, որ Էրդողանի աշխատակիցների և ցուցարարների միջև մեկ այլ նմանատիպ ընդհարում էր տեղի ունեցել մեկ տարի առաջ Միջուկային համագումարին մասնակցելու համար Վաշինգտոն կատարած նրա այցի ժամանակ:



Նման նյութեր