ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը Life.panorama.am-ի հետ զրույցում անդրադարձել է երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհված կոչումներին: Դերասանի կարծիքով, պետք է խստագույնս վերանայել կոչումների շնորհման կարգը:
«Այս խնդիրը մեր երկրում վաղուց կա, ես չգիտեմ, թե ինչ հիմքերի վրա են ընտրում ու շնորհում այդ կոչումը: Ընդհանրապես պետք է վերանայել կոչումների հասկացությունը, որովհետև հիմնականում չի համապատասխանում կոչումը և տվյալ արտիստի արած աշխատանքը: Կոչումը մեզանում դարձել է շատ հեշտ «ստանալիք» մի բան: Ըստ իս՝ կամ ընդհանրապես պետք հանել այդ երևույթը, կամ էլ պետք է ավելի լուրջ վերաբերվել, ստատուս տալ դրանց»,- նշեց Միքայել Պողոսյանն ու շարունակեց.
«Կոնկրետ ես ոչ մի արտիստի դեմ ոչինչ չունեմ, պարզապես նշածս պրոբլեմը իսկապես կա: Պետք է դիմել ոչ թե ստացողներին, այլ կոչումները տվողներին, քանի որ ստացողները մեղք չունեն, թեև հնարավոր է, որ այդ առումով ինչ-որ գործունեություն են ծավալել»:
Դերասանի կարծիքով՝ մեր օրերում կոչում են ստանում նրանք, ովքեր ավելի հաճախ են երևում էկրաններին.
«Գիտեք, հաճախ էկրաններին երևալը դեռ արժանիք չէ, պետք է հասկանալ, թե ինչով են հաճախ հանդես գալիս, ինչ են քարոզում և ինչ կա նրանց ստեղծագործական կյանքի հիմքում, հարկավոր է հասկանալ՝ նրանց գործից արվեստի հոտ գալի՞ս է, թե բավարար է միայն հաճախ երևալը: Եթե ժողովրդի ճաշակը շատ հարցերում չի համապատասխանում իրականությանը, դա չի նշանակում, որ կոչում տվողները դրա հետևից պետք է գնան, նրանք պետք է ունենան իրենց ուրույն կարծիքը ամեն հարցում»,- ավարտեց ՀՀ ժողովրդական արտիստը: