ՀՀ առևտրային բանկերի կողմից 2017 թվականի հուլիսի ընթացքում ՀՀ դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 12.7% (վարկերի միջին կշռված տոկոսադրույքը՝ ըստ վարկային ռեգիստրի տվյալների)։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի հուլիս ամսվա տեղեկագրից։
Ամենաթանկը 1-5 տարի ժամկետով վարկերն են, որոնց միջին տոկոսադրույքը հուլիսին կազմել է 15.8%։ Հուլիսի ընթացքում տրամադրված երկարաժամկետ (5 տարուց ավելի) վարկերի միջին տոկոսադրույքը եղել է 12.2%, մինչև 1 տարի ժամկետով վարկերինը՝ 10.9%։
Ինչպես տեսնում եք գծապատկերում, դրամային վարկերի միջին տոկոսադրույքը տարվա ընթացքում նվազել է՝ հունվարի 14.8%-ից հասնելով 12.7%-ի (հուլիսին)։
Նվազումը տեղի է ունեցել հիմնականում կարճաժամկետ վարկերի հաշվին, որոնց տոկոսադրույքը նվազել է 4.1 տոկոսային կետով՝ 15%-ից մինչև 10.9%:
5 տարուց ավելի ժամկետայնության վարկերի տոկոսադրույքը նույն ժամանակահատվածում նվազել է 1.3 տոկոսային կետով։
Իսկ միջին ժամկետայնության (1-ից 5 տարի) վարկերի դեպքում դինամիկան տարբերվում է։ Հունվար-հուլիսի ընթացքում այս վարկերի տոկոսադրույքները մեկ աճել են, մեկ նվազել են։ Սակայն հուլիսին տոկոսադրույքը 0.7 տոկոսային կետով ավելի բարձր է եղել, քան հունվարին։