Տղամարդն ամեն օր իր կնոջ հետ պետք է սկսի զրոյից. Ռաֆայել Երանոսյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Տղամարդն ամեն օր իր կնոջ հետ պետք է սկսի զրոյից. Ռաֆայել Երանոսյան. life.panorama.am

Արդեն մեկ շաբաթ է, ինչ տրվել է Հանրային հեռուստաընկերության նոր սիթքոմի մեկնարկը: «Ամուսնացածների լիգան» իր ոչ ստանդարտ ձևաչափով հասցրել է հետաքրքրել ոչ միայն ամուսնացածներին:

Life.panorama.am-ը նոր սիթքոմի մասին խոսել է գործող դերասաններից Ռաֆայել Երանոսյանի հետ, ով նկատեց, որ մեծ հաճույքով է դարձել այս նախագծի մի մասնիկը:

«Ամիսնր առաջ ԱՄՆ-ում էի, երբ զանգ ստացա Արման Միտոյանից, ով «Ամուսնացածների լիգայի» գլխավոր պրոդյուսերն է, առաջարկեց միանալ նրանց, ես էլ, ծանոթանալով ինձ համար կարևոր մանրամասներին, համաձայնեցի: Շատ եմ կարևորում նկարահանող թիմին, սցենարիստներին, գործող դերասաններին, իսկ այստեղ բոլորն էլ պրոֆեսիոնալ մարդիկ են: Առաջարկն ինձ հետաքրքրեց նաև այն պատճառով, որ այս սիթքոմը տարբերվող էր դաշտում գործող մյուս սիթքոմերից. «Ամուսնացածների լիգայում» ամեն մեկն էլ իրեն կարող է տեսնել»,- նշեց Ռաֆայելը:

Խոսելով իր հերոսի մասին՝ դերասանը նկատեց.

«Նախկինում երբեք նման կերպար չէի մարմնավորել: Իմ հերոսը հանգիստ, խաղաղ բնավորություն ունեցող, «симпатичный» տղա է: Նպատակ ունեի, որպեսզի «Քարե դարդում» կերտածս Բաբալի կերպարից խիստ տարբերվող լիներ հաջորդ դերս, որպեսզի մոտակա տարիները ինձ միայն Բաբալով չհիշեն, թեև կարծում եմ, որ նա այն վառ կերպարներից է, որ դեռ երկար չի մոռացվի»:

Ռաֆայել Երանոսյանը ուրախությամբ նշեց, որ սիթքոմն ընդամենը մեկ շաբաթ է, ինչ եթերում է, բայց արդեն մեծ թվով դրական կարծիքներ է լսել, ինչից ոգևորվում է ողջ թիմը:

«Այս սիթքոմը միայն դեռահասաների, կամ միայն մեծահասակների համար չէ: Այն սիրուն, դասական, հետաքրքիր, գրագետ խոսքով ու լավ նկարված սիթքոմ է: Մենք լավ հանդիսատես ունենք, եթե նրանց լավ բան մատուցենք, նրանք անպայման կսիրեն ու կընդունեն այն: Սա կարող է լինել նոր սկիզբ հետագայում ստեղծվող սիթքոմների համար, ըստ որի կարելի է ավելի հետաքրքիր ու գրագետ աշխատանքներ նկարահանել»,- հավելեց մեր զրուցակիցը:

Ռաֆայել Երանոսյանի խոսքով՝ շատ է կարևորում դերասանական կազմը.

«Յուրաքանչյուր աշխատանքում ինձ համար գերկարևոր է, թե ինչ դերասաններ են հավաքված: Իմ հերոսի հիմնական գիծը զարգանում է Լուիզա Ներսիսյանի հետ: Ես ու Լուիզան տասը տարուց ավելի է, ինչ ճանաչում ենք իրար, բազմաթիվ անգամներ ենք միասին խաղացել: Մեր մտերմությունը ընտանեկան հարթություն է անցել, իրար հետ աշխատելը իսկապես շատ հաճելի է: Միաժամանակ, պետք է խոստովանեմ, որ ամեն անգամ որևէ նախագծում միասին խաղալիս մենք լավ իմաստով վիճում ենք իրար հետ, քննարկում, բայց վերջում պարտադիր գալիս ենք ընդհանուր հայտարարի: Մեր համատեղ քննարկումները միշտ լավ արդյունքի են բերում, այնպես որ դրանք ի օգուտ մեզ են»,- ընդգծեց նա:

«Ամուսնացածների լիգայի» հիմքում կին-տղամարդ հարաբերություններն են ընկած: Ռաֆայել Երանոսյանի խոսքով՝ կինն իր համար երբեք չբացահայտվող էակ է.

«Կինը  տղամարդու համար չբացահայտված տեսակ է: Կնոջը հազարավոր մարդիկ են փորձել բացահայտել, անգամ Ադամը ցանկացավ դա անել, բայց միևնույն է,  անհնար է: Տղամարդն իր կնոջ հետ անընդհատ պետք է աշխատի, որ կարողանա հասկանալ նրան: Կինն ամեն օր ուրիշ  է, յուրաքանչյուր օր ուրիշ հոտ ու գեղեցկություն ունի: Դրա համար տղամարդը ամեն օր իր կնոջ հետ պետք է սկսի զրոյից»,- նշեց մեր զրուցակիցը:

Զրույցի վերջում հետաքրքրվելով, թե այս շրջանում դերասանն ի՞նչ այլ զբաղվածություն ունի, պատասխանեց.

«Շուտով ես ու Անդոն կմեկնենք երկարատև հյուրախաղերի՝ հավանաբար երկու ամիս Հայաստանում չենք լինի: Երբ վերադառնանք, կվերսկսենք «ԴեպուՏատի շոուի» աշխատանքները: Բացի դրանից առաջիկայում մի քանի ֆիլմեր կհանձնվեն հեռուստադիտողին, որոնցում ես էլ եմ խաղացել: Ի դեպ ասեմ, որ ես ու Անդոն գարնանը պլանավորում ենք ֆիլմ նկարահանել, որի մասին կխոսենք ավելի ուշ»:

life.panorama.am



Նման նյութեր