Chessify ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում և կպայքարի 1 000 000 ԱՄՆ դոլարի չափով մրցանակի համար
Advertisement 1000 x 90

Chessify ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում և կպայքարի 1 000 000 ԱՄՆ դոլարի չափով մրցանակի համար

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ Երևանում կազմակերպել է Seedstars միջազգային մրցույթի երևանյան փուլը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառման արծաթե գործընկերն է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն։

Միջոցառման ընթացքում 70 հայտադիմումից ընտրված 11 ստարտափ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում ներկայացրել է իր արտադրանքը միջազգային և տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին։ Ժյուրիի անդամները ներկայացված պրոդուկտները գնահատել են մի քանի չափանիշով՝ թիմը, առկա վիճակը, կիրառելիությունը ավելի մեծ շուկայում, ստեղծած արժեքը և այլն։ Հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացրել արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման հենքով պրոդուկտները, որոնք լուծումներ են առաջարկում առողջապահության, կրթության և ֆինանսների կառավարման գործում:

«Այս տարվա միջոցառման մասնակից ստարտափները հաճելիորեն զարմացրեցին, շատերի պրոդուկտները բավականին հղկված էին և պատրաստ դուրս գալու միջազգային շուկաներ, շատերը արդեն ունեին նշանակալի ձեռքբերումներ թե ներգրավված ներդրումների, թե թիրախային շուկաներում պրոդուկտի զարգացման առումով։ Կարևոր եմ համարում ընդգծել նաև, որ բոլոր պրոդուկտները միտված էին մեծ ու գլոբալ խնդիրների լուծմանը։ Այս դրական փոփոխությունները և զարգացման միտումները հայկական ստարտափ էկոհամակարգի և բոլորիս կարևոր ձեռբերումն է», – նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Մրցույթի վերջնական արդյունքներն ու հաղթողի անունը հայտարարել է ժյուրիի անդամ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեղեկատվական համակարգերի վարչության պետ Թհոմաս Մազեջյանը:

Ժյուրիի որոշման արդյունքում Շվեյցարիայում կայանալիք «Seedstars» միջազգային մրցույթին Հայաստանը կներկայանա Chessify թիմով, որի ստեղծած արտադրանքն հնարավորություն է տալիս հեռախոսով գրքից նկարել խնդիրը, թվայնացնել ու աշխատել դրա վրա. տեղաշարժել խաղաքարերը, վիզուալ ավելի հեշտ պատկերացնել հետագա քայլերը: Ներկայումս այն ունի արդեն 100,000-ից ավել ներբեռնում։ Միջազգային մրցույթում ստարտափը հնարավորություն կունենա իր պրոդուկտը ներկայացնելու հնարավոր ներդրողների, գործընկերների դատին և պայքարելու 1 000 000 ԱՄՆ դոլարի չափով մրցանակի համար։

Հայաստանյան փուլի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Inapptics և Breedge ընկերությունները։

Մրցույթի տեղական փուլի կազմակերպմանն աջակցեցին միջոցառման գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, արծաթե գործընկեր Ամերիաբանկը, Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը և Մայքրոսոֆթ Էր-Էյ ընկերությունը։