ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայի սրահից տեսախցիկ և համակարգիչ գողացած անձի ինքնությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2017թ. օգոստոսի 29-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:05-17:05-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելով, սրահից հափշտակել է «Մաքբուք Պրո» դյուրակիր համակարգիչ և «Քենոն » տեսակի տեսախցիկ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ 2-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են ավտոմեքենայի վրա առկա անվտանգության տեսախցիկի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է սպիտակ մարզաշապկով մի երիտասարդ մոտենում ավտոմեքենային:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված երիտասարդին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: