Գերմանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում շուրջ 90 թուրք թեկնածուներից Բունդեսթագ են անցել 14-ը: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից խորհրդարան է անցել 6, Կանաչների կուսակցությունից՝ 5 և Ձախերի կուսակցությունից 3 պատգամավոր:
Կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած դաշինքը հաղթանակ է տարել սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում: Բունդեսթագ է անցել վեց կուսակցություն: Քրիստոնեադեմոկրատական կուսակցություն/Քրիստոնեասոցիալական միություն դաշինքը ստացել է ձայների 33 տոկոսը, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 20,5 տոկոսը, «Այլընտրանք Գերմանիայի համար» ազգայնական կուսակցությունը՝ 12,6 տոկոսը, Ազատ դեմոկրատական կուսակցությունը` 10,7 տոկոսը, Ձախերը՝ 9,2 տոկոսը և Կանաչները՝ 8,9 տոկոսը: