«Շանթ» հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում հաղորդավար Եգոր Գլումովը հանդես կգա եվրոպական տարբեր երկրներում հայտնի հաղորդաշարով: «Մամայի եփածն ուրիշ է»՝ այսպես է կոչվում նոր խոհանոցային հաղորդումը, որը համեմված է հումորով:
Life.panorama.am-ի հետ զրույցում Եգոր Գլումովը պատմեց, որ նոր ձևաչափի հաղորդումը հետաքրքիր է լինելու մի քանի պատճառներով.
«Սա միջազգային ֆորմատի խաղ է, որը հայտնի է տարբեր երկրների ժողովուրդներին: Ըստ ձևաչափի՝ մենք փորձելու ենք բացահայտել տարբեր մարդկանց նյարդային, հումորային և այլ կողմերը: Այստեղ կարևոր չէ, թե ով ավելի լավ կպատրաստի, կարևոր է ներսի շփումը, մայր-զավակ հարաբերությունը»,- նշեց հաղորդավարը:
«Մամայի եփածն ուրիշ է» նախագծին կարող է մասնակցել յուրաքանչյուրը: Հարկավոր է հայտագրվել և եթե ստեղծագործական թիմի պահանջները բավարարվեն, ապա հնարավոր է դառնալ տվյալ թողարկման հյուրը:
«Ըստ պահանջների՝ պետք է երկու մասնակից լինի, պարտադիր չէ մայրիկի ներկայությունը, թեև դա իդեալական տարբերակն է: Այստեղ կարևոր չէ, որ հյուրը հայտնի լինի, յուրաքանչյուրը կարող է դառնալ մեր հաղորդման հերոսը»,- հավելեց նա:
Հետաքրքրվելով, թե մարդիկ բարդույթներ չունե՞ն նկարահանվելու հետ կապված, ի վերջո՝ հատկապես մայրիկների պարագայում տեսախցիկի առջև հայտնվելը գուցե կաշկանդող լինի, Գլումովը պատասխանեց.
«Նրանք միանգամից ընկնում են վազքի, շարժի մեջ ու մոռանում տեսախցիկի, հաղորդավարի և այլնի մասին: Այդ էմոցիաները վերջում են իրենց զգացնել տալիս: Նախագիծն իսկապես այնքան հետաքրքիր է, որ ազարտի մեջ ընկնելով՝ անգամ ես եմ մոռանում ամեն ինչի մասին»:
Սա Եգոր Գլումովի առաջին փորձը չէ, երբ խոհանոցային հաղորդում է վարում: Նրա նախկին փորձերը հաջողություն են գրանցել, մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ «Մամայի եփածն ուրիշ է» հաղորդումը կսիրվի հեռուստադիտողի կողմից, քանի որ այն տարիքային սահմանափակում չունի, բայց և հավելեց՝ երբեք վարկանիշային հարցերով չի հետաքրքրվում: