Արդեն երկու ամիս է, ինչ դերասան Գնել Ուլիխանյանն ու նրա կինը՝ Աննա Դալլաքյանը, վայելում են իրենց դստեր ներկայությունը: Երջանիկ մայրիկն առաջինը Life.panorama.am-ին է պատմել նոր կյանքի, հայրիկի կարգավիճակում Գնելի և փոքրիկ Մալվինայի մասին:
– Աննա, շուտով երկու ամիս կլինի, ինչ վայելում եք մայրության բերկրանքը, ինչպիսի±նն էկյանքը մայրիկի կարգավիճակում:
– Այո, ճիշտ եք, արդեն երկու ամիս է, ինչ մտել եմ կյանքի ամենասիրուն փուլ: Իրոք, մայր լինելը ոչ թե հոգս է, այլ՝ երջանկություն: Մալվինայի հետ կյանքն ավելի իմաստուն և գեղեցիկ է դարձել: Հրաշալի է, երբ աչքիդ առաջ օրեցօր ձևավորվում է մի աղջնակ, ում դու ես կյանք տվել:
– Լավ մայրիկի կողքին, լավ հայրիկ է հարկավոր. Ինչպիսի՞ հայրիկ է Գնելը:
– Գնելը շատ ուշադիր հայրիկ է, սկզբում շատ ոգևորված, իսկ հիմա ավելի հասուն սիրով է մոտենում իր աղջկան:
– Ծնող դառնալը շատ պատասխանատու է. Դուք և Գնելը հասցրե՞լ եք լիովին գիտակցելայն:
– Այո, դա շատ-շատ պատասխանատու առաքելություն է, որովհետև սխալ դաստիարակելու պտուղները տարիներ հետո քաղում ենք ու չենք հասկանում, որ մեր սխալը կար այդ հարցում: Բայց արդեն պայմանավորվել ենք Մալվինայի հետ, որ պետք է խելոք աղջիկ լինի ու այդպես էլ անում է. շատ հանգիստ բալիկ է, մնացածն ընթացքում. անպայման, շատ ուշադիր և զգոն կլինենք:
– Ինչպիսի՞ փոքրիկ է Մալվինան: Ճիշտ է` նա դեռ երկու ամսական է, բայց, կարծում եմ, բնավորությունն իրեն զգացնել կտա:
– Ինչպես ասացի՝ շատ հանգիստ երեխա է, ժպտերես, երբեմն էլ՝ խիստ դիմագծերով ու մտածկոտ: Թվում է՝ միշտ մի ինչ-որ բան կա նրա մտքում: Բոլոր երեխաներն էլ հրաշք են, իսկ երբ քոնն է, ավելի լավն է դառնում:
– Հետաքրքիր է արտաքնապես ո՞ւմ է նա նման:
– Աղջիկս ինքն իրեն է նման: Ասում են, որ երբ աղջիկներն իրենց հայրիկներին են նման, երջանիկ են լինում, թող հենց այդպես էլ լինի: Ինչ վերաբերում է բնավորությանը, ապա Աստծուն խնդրել ենք, որ երկուսիս լավ կողմերով էլ օժտված լինի:
– Մալվինա… ինչպես եք անունը ընտրել, այն որևէ պատմություն ունի՞:
– Մի քանի անուն ունեինք մտքում, որոնք ավելի շատ էինք նախընտրում, բայց դժվարանում էինք վերջնական որոշում կայացնել: Երեխան ծնվել էր ու քանի օր էր՝ չուներ այն անունը, որն իրեն համապատասխանում էր: Որոշեցինք գրել բոլոր անունները և վերցնել թղթերից մեկը: Հենց այդ անունն էլ եղավ Մալվինան, որին ամենից շատն էինք նախապատվություն տալիս ես ու Գնելը:
– Հիմա, երբ արդեն երեքն եք ընտանիքում, Ձեր ու Գնելի հարաբերություններում փոփոխություններ կա՞ն:
– Մալվինան մեզ ավելի երջանիկ է դարձրել: