Աշխարհը նշում է զբոսաշրջության միջազգային օրը
Advertisement 1000 x 90

Աշխարհը նշում է զբոսաշրջության միջազգային օրը

Զբոսաշրջության պետական կոմիտեն Համաշխարհային շուկային Հայաստանի հասանելիության բարձրացման ուղղությամբ լուրջ քայլեր է իրականացնում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

«Այսօր տուրիզմի միջազգային օրվա հետ կապված մի միջոցառում ունենք, որն իրականացվելու է My Armenia ծրագրի շրջանակում: ՀՀ Վայոց Ձորի, Տավուշի և Լոռու մարզերում  կազմակերպվել է տեղական զբոսավարների պատրաստման ծրագիր և դասընթաց անցած զբոսավարներին հավաստագրեր ենք շնորհելու»,- տեղեկացրեց Ապրեսյանը:

Նա նաև նշեց, որ ավանդաբար, արդեն 7-րդ տարին է, ինչ իրականացվում է հանդիսություն նվիրված զբոսաշրջության միջազգային օրվան: Ապրեսյանի խոսքով՝այն տեղի է ունենալու հոկտեմբերի 2-ին ժամը 18:00-ին:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալն ընդգծեց, որ իրենք իրենց առջև դրել են խնդիրներ և աստիճանաբար լուծելու են:

«Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության նպատակն է զբոսաշրջության զարգացման միջոցով նպաստել երկրի կայուն տնտեսական զարգացմանը: Մենք այդպիսով փորձում ենք նաև նպաստել համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, համաշխարհային համագործակցության գործընթացներին ավելի արդյունավետ ներգրավմանն ու ինտեգրմանը և Հայաստանի հեղինակության բարձրացմանը»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրով նպատակ է դրված մինչև 2022 թվականը Հայաստանում ներգնա զբոսաշրջության այցելությունների թիվը տարեկան հասցնել 3 միլիոնի:

«Այս նպատակներին հասնելու համար մենք դրել ենք մեր առջև մի քանի խնդիր` վարել ակտիվ նպատակային մարքեթինգային քաղաքականություն, նպատակային շուկաներում իրականացնել երկրի ներկայացման խթանման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ: Այդ ամենին զուգահեռ շատ է կարևորվում ծառայությունների որակի պահպանումը, բարձրացումն ու ամրապնդումը: Այդ նպատակով մենք պետք է նորացնենք, հստակեցնենք և սահմանենք ոլորտում զբոսաշրջային ծառայությունների նկատմամբ որակական չափանիշներ»,- նշեց  Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

Համաշխարհային շուկային Հայաստանի հասանելիության բարձրացման ուղղությամբ լուրջ քայլեր են իրականացվում` տրանսպորտի մատչելիության ապահովման և սահմանային անցման գործընթացների, ինչպես նաև վիզային ռեժիմի դյուրացման միջոցով:



Նման նյութեր