
Սեպտեմբերի 28-ը կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է: Կատաղությունը (հիդրոֆոբիա) վիրուսային վարակիչ հիվանդություն է: Մարդու մոտ հիվանդությունն արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական խնդիրներով ու մկանների ջղաձգումներով:
Կլինիկական այս ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով:
Մարդու համար վարակի աղբյուր համարվում են հիվանդության գաղտնի շրջանում կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները: Գաղտնի շրջանը տատանվում է մի քանի օրից մինչև 1 տարի և ավելին:
Կատաղություն հիվանդությունը հատուկ բուժում չունի:
Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է հատկապես թափառող, անհայտ և վայրի կենդանիների կծելու, ճանկռելու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ համապատասխան պատվաստումները ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու համար: