Մինչև տարեվերջ Հայաստանում կբացվի Գյոթեի ինստիտուտի կենտրոն։ Սեպտեմբերի 29-ից մեկնարկող գերմաներենի շաբաթվան նվիրված ասուլիսի շրջանակում այս մասին տեղեկացրեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
«Կենտրոնը կունենա երկու հիմնական գործառույթ՝ մշակութային և լեզվական, այսինքն՝ ոչ միայն կմատուցի մշակութային ծրագրեր, այլև կզբաղվի գերմաներենի տարածմամբ և ուսուցմամբ: Սա Հայաստան կառավարության մեծ ցանկությունն է եղել: Ինչպես գիտեք, մինչև հիմա Հարավային Կովկասում գործում էր մեկ Գյոթեի ինստիտուտ, որը գտնվում է Թբիլիսիում։ Եվ մենք ուրախ ենք հայտնել, որ այստեղ ևս կենտրոն կբացվի»,– ասաց դեսպանը։
Դեսպանը նշեց, որ Հայաստանում մինչև հիմա գործում էր Գյոթեի ինստիտուտի լեզվի ուսուցման կենտրոն, սակայն նրանք ուզում են ուժեղացնել Գյոթեի ինստիտուտի ներկայությունը։
«Հայաստանում բազմաթիվ մշակութային միջոցառումներին միշտ աջակցել է Վրաստանում գործող Գյոթեի ինստիտուտը։ Հիմա այս նորաբաց կենտրոնը ինքնուրույն կներկայացնի մշակութային տարրը»,- ընդգծեց Մաթիաս Քիսլերը և հավելեց, որ սա հիանալի քայլ է հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը նշելու համար: