Ժամանակին Գերմանիան ապաշխարեց, իսկ Թուրքիա՞ն… armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ժամանակին Գերմանիան ապաշխարեց, իսկ Թուրքիա՞ն… armeniasputnik.am

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 25 տարի անց Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդտը ասաց իր այս արդեն հանրահայտ դարձած խոսքերը. «Չկա մի ժողովուրդ, որը կարող է փախուստ տալ իր պատմությունից»:

Վիլլի Բրանդտի ապաշխարանքը

1970 թվականի դեկտեմբերի 7-ին արված այս լուսանկարը ժամանակին ցնցել էր ողջ աշխարհը: Այսպես Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության այն ժամանակվա կանցլեր Վիլլի Բրանդտը Վարշավայում ծնկի եկավ և խոնարհվեց Վարշավայի հրեական գետտոյի զոհերի հիշատակի հուշարձանի առջև: Սա իրավմամբ մեծ երկրի ղեկավարի բացառիկ պատմական քայլն էր, որով Գերմանիան, ի դեմս իր ղեկավարի, փաստացի դարձավ այն պետությունը, որը չխուսափեց իր պատմության դաժան էջերի հետ առերեսվելուց, զղջաց Գերմանիայի կողմից երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեաների հանդեպ իրականացրած մասսայական հանցագործությունների՝ ցեղասպանության համար:

Հետագայում արդեն այդ նշանակալից իրադարձության մասին Վիլլի Բրանդտն այսպես է ասել. «Չկա մի ժողովուրդ, որը կարող է փախուստ տալ իր պատմությունից: Գերմանիայի պատմության այդ անդունդի առջև և միլիոնավոր սպանված զոհերի հիշատակի ծանրության տակ ես արեցի այն, ինչ անում են այդ դեպքում մարդիկ, երբ խոսքերն այլևս սպառված են»:

Վարշավայում կատարվածից երկու տարի անց Վիլլի Բրանդտը դարձավ նաև Իսրայել այցելած առաջին գերմանական կանցլերը, որն այնքան էլ դյուրին նախաձեռնություն չէր այն ժամանակաշրջանի համար: Եվ նորից, արդեն Իսրայելում, Բրանդտը ևս մի քայլ արեց, որը նույնպես ցնցեց բոլորին: Իսրայելում նա այցելեց հրեաների Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշահամալիր և, բացելով «Սաղմոսների գիրքը», գերմաներենով բարձրաձայն կարդաց 103-րդ սաղմոսի հետևյալ տողը. «Մենք մեղքեր ենք գործել և հանցանքներ կատարել: Ողորմած Աստված, ների՛ր մեզ»:

Ի՞նչը ստիպեց խաղաղության համար Նոբելյան մրցանակի արժանացած Գերմանիայի կանցլերին գնալ այդպիսի անսպասելի և ոչ սովորական քայլերի: Լինելով մտածող, հայրենասեր և միաժամանակ իրատես քաղաքական գործիչ`Բրանդտը, թերևս, իր պարտքն էր համարում օգնել գերմանական ժողովրդին հաղթահարել իր անցյալի այդ ահավոր խարանը՝ հրեաների դեմ իրականացրած ցեղասպանությունը: Նրա այդ քայլը ոչ այնքան զգացմունքային էր. այն իր մեջ միանշանակ քաղաքական ճիշտ հաշվարկ էր կրում:

Այդ ամենի իմաստն այն էր, որ առանց ապաշխարանքի, առանց իր ժողովրդի համար այդ ցավալի էջը փակելու, հնարավոր չէր լինելու իր երկրի հետագա զարգացումը քաղաքակիրթ երկրների շարքում, հնարավոր չէր լինելու, քանի դեռ Գերմանիան այդ ամոթալի խարանը կրում էր իր վրա:

Իսկ Թու՞րքիան

1915 թվականին Օսմանյան Թուրքիայի այն ժամանակվա երիտթուրքերի կառավարությունը, օգտվելով պատերազմական իրավիճակից, իրականացրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ ծրագրավորած տեղահանեց և ոչնչացրեց երկրի հայ ազգաբնակչությանը: Այդ ոճրագործությունն այսօր փաստացի արդեն ապացուցման կարիք էլ չունի, քանի որ ընդունված է համարյա ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից: Ցավոք, պաշտոնական Թուրքիան մինչ հիմա էլ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը՝ ամեն կերպ հերքելով 1915 թվականի ցեղասպանության բացահայտ իրողությունը: Ավելին, այս տարվա հուլիսին Թուրքիայի մեջլիսը «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունն արգելող օրենք ընդունեց, որով ընդհանրապես արգելվեց մեջլիսում պատգամավորների կողմից 1915-ի ցեղասպանության մասին բարձրաձայնումը:

Թուրքական ներկայիս իշխանությունները երկրում արմատավորել են ազգայնական կոշտ համակարգ, որը բացառում է այլակարծության որևէ դրսևորում: Օրեր առաջ Հայաստանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իրավացիորեն ասել էր, որ միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է ճանաչել հայոց ցեղասպանությունը: Բայց ժամանակը կանգ չի առնում. մեր տարածաշրջանը թևակոխել է քաղաքական բուռն զարգացումների փուլ, իսկ դա կարող է մեկդարյա ստատուս քվոյի փոփոխման սկիզբը դառնալ, որը սերտորեն կապակցված է լինելու և առնչվելու է նաև հայկական խնդիրների հետ:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր