
Շտապ օգնության վճարովի դառնալու մասին առայժմ քննարկումներ են ընդանում, որևէ հստակ որոշում դեռ չի ընդունվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը` մեկնաբանելով նախարար Լևոն Ալթունյանի հայտարարությունը, որ Հայաստանում շտապ օգնության որոշ կանչերը կարող են Իսրայելի օրինակով լինել վճարովի:
Նա ավելացրել է, որ ֆինանսական և բյուջետային փոփոխությունները մեծ իներցիա են ենթադրում, և այժմ այդ հարցը օրակարգում չկա:
«Նախարարի հայտարարությունից հետո Առողջապահության նախարարությունը մանրամասն պարզաբանում տվեց: Նախարարը խոսել է ոչ թե շտապ բժշկական օգնության, այլ այն դեպքերի մասին, երբ իրականում շտապ օգնություն կանչելու անհրաժեշտություն չկա», – ասել է նա: Նրա խոսքով՝ կանչերի 65 տոկոսն իրականում «շտապ չէ»:
«Շտապ օգնությունն այսօր վճարովի չի դառնա, հարցը չկա օրակարգում: Շտապ օգնության ծախսերի աճ կա, որի կապակցությամբ մենք վերլուծություններ ենք իրականացնում: Որոշումները կարող են տարբեր լինել, այդ թվում ՝ ընտանեկան բժշկի, պոլիկլինիկաների դերի մեծացումը, որի ժամանակ հիվանդը նրանց կդիմի», – ասել է նա: