Կատալոնիայի իշխանությունները Իսպանիայի հետ երկխոսության պատրաստակամություն են հայտնում, եթե նրանք որևիցե նախապայման չառաջադրեն տարածաշրջանի ինքնորոշման հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Այդ մասին սեպտեմբերի 28-ին հայտարարել է Կատալոնիայի կառավարության արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար Ռաուլ Ռոմևան:
«Եթե իսպանական կողմն առաջարկություններ ունի բանակցությունների վերաբերյալ, մենք պատրաստ ենք դրանք քննարկել ինչպես մինչև կիրակի օրը (հոկտեմբերի 1-ը, հանրաքվեի անցկացման օրը), այնպես էլ հետո,-հայտարարել է նա՝ հանդես գալով Բրյուսելում անցկացված մամուլի ասուլիսում, որի հեռարձակումը տրվել է Facebook-ում:-Սակայն բանակցությունները որևԷ նախապայման չեն ենթադրում»: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա նաև նշել է, որ Կատալոնիայի անկախության հռչակման դեպքում չի պատրաստվում հրաժարվել իսպանական անձնագրից: Ավելի վաղ Ռաուլ Ռոմևան հայտարարել է, որ Կատալոնիայի իշխանությունները կոչ են անում Եվրամիության ինստիտուտներին՝ Եվրահանձնաժողովին և Եվրախորհրդարանին, միջամտել հանրաքվեի կազմակերպման շուրջ ստեղծված իրադրությանը՝ խուսափելու Մադրիդի կողմից Եվրամիության ժողովրդավարական նորմերի խախտումից, որոնք, նրանց կարծիքով, ոտնահարվում են քվեարկության անցկացումն արգելելու միջոցառումներով: Նա նշել է, որ եվրոպական իշխանությունների լռությունը տանում է «ճնշիչ գործողությունների աջակցման», հաղորդել է ՏԱՍՍ-ը: