Ամերիկացի հեռուստաաստղ և ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի փաստաբանները նամակ են ստացել 2016 թվականի հոկտեմբերին Փարիզում նրա կողոպտման կազմակերպման մեջ կասկածվողից, որում նա ներողություն է խնդրել: Այդ մասին սեպտեմբերի 28-ին հայտնել է TMZ լրատվական ռեսուրսը:
Նրա աղբյուրների տեղեկություններով՝ ուղերձի հեղինակը Աոմար Այիթ Խեդաշն է: Նրան այս տարվա հունվարին Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնական մեղադրանքներ են առաջադրել այդ հանցագործության կազմակերպման համար: Ենթադրվում է, որ նա մի քանի հանցակիցներ է ունեցել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Ֆրանսպրես» գործակալությունը, մինչ այդ բոլոր կասկածյալները քանիցս հայտնվել են իրավապահ մարմինների տեսադաշտում և մերկացվել բազմաթիվ կողոպուտներում և ավազային հարձակումներում:
Ուղերձում, որը գրված է ձեռքով և ֆրանսերեն, մասնավորապես, ասված է. «Տեսնելով ձեր ապրումները և գիտակցելով՝ հոգեբանական ինչ վնաս եմ պատճառել, ես որոշեցի գրել ձեզ, բայց ոչ այն բանի համար, որ արժանանամ ձեր ներողամտությանը»:
Կասկածյալն ընդգծել է, որ հուզվել էր, երբ տեսել է արտասվող Քարդաշյանին և «զղջում է իր արարքի համար»:
Ռեսուրսի աղբյուրի տեղեկություններով՝ Քարդաշյանն իրազեկվել է նամակի մասին և անվստահությամբ է վերաբերվել դրան: Հեռուստաաստղը կարծում է, որ Խեդաշը միայն փորձում է դատավորների մոտ այն տպավորությունն ստեղծել, թե ինքը զղջում է: Ինչպես նշում է լրատվական ռեսուրսը, ուղերձը նախ ուղարկվել է գործով զբաղվող դատավորին և հետո միայն Ֆրանսիայում Քարդաշյանի փաստաբաններին: