Երեկ` սեպտեմբերի 28-ին, Վանաձորի քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Նախագահ Սերժ Սարգսյանի ներման հրամանագրով վաղաժամ դադարեցվել է նրա պատժի կրումը:
Տեղեկություններ եղան, որ Խաչիկյանը քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո ուղևորվել է Երևան:
Armtimes.com-ին հաջողվեց այս և մի քանի այլ հարցեր ուղղել Վազգեն Խաչիկյանին:
– Պարոն Խաչիկյան, ինչո՞վ եք զբաղվելու: Քայլեր ձեռնարկելո՞ւ եք, որ կրկին անդամակցեք ՀՀԿ-ին: (ՀՀԿ կանոնադրության համաձայն,կուսակցության անդամատոմսը սառեցվում է, եթե կուսակցության անդամը գտնվում է ՔԿՀ-ում:)
– Աստված գիտի, թե ինչով եմ զբաղվելու: Աստծո գործերն անքննելի են: Այդ թվում և ձեր հարցը:
– Պարոն Խաչիկյան, մինչ Դուք խուսափում եք ՀՀԿ-ին միանալու մասին հստակ բան ասել, Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ դուք ընկերներ եք: Ի՞նչ է նա ակնարկում:
– Վատ բան կա՞, որ ՀՀԿ-ականները իմ ընկերներն են, Շարմազանովը իմ մտերիմ ընկերն է: Միայն նա չէ իմ ընկերը, ես ունեմ ընկերներ ոչ միայն ՀՀԿ-ում, այլ նաև՝ այլ կուսակցություններում:
–Երեկ հանդիպե՞լ եք Սերժ Սարգսյանի հետ, շնորհակալություն հայտնե՞լ եք հրամանագրի համար:
– Ո՛չ, նախագահական չեմ գնացել: Ոչ միայն նախագահական չեմ գնացել, այլ նաև նախագահականի շառավղով մի քանի կիլոմետր մոտ չեմ էլ եղել:
– Բայց Երևանում եղե՞լ եք:
– Ալավերդիում եմ, պատկերասրահում նկարներ եմ նայում:
– Իսկ Սերժ Սարգսյանին ինչպե՞ս եք պատրաստվում շնորհակալություն հայտնել:
– Շնորհակալ եմ բոլոր մարդկանց և Աստծուն, որ բարեհաճ են եղել իմ անձի հանդեպ: Իսկ, թե այդ մարդկանց մեջ ովքեր են մտնում, Աստված գիտի: Մի բան ասեմ`ես բերդից եմ դուրս եկել, այնտեղ «հա»-ն հա է, «չէ»-ն` չէ, որ ասում եմ չեմ խոսի, ուրեմն՝ չեմ խոսի, հարցեր մի՛ տվեք:
– Այսինք որոշել եք արդեն բերդի օրենքներո՞վ ապրել:
– Ասում եմ`Աստվածաշնչում ասվում է «հա»-ն հա է, «չէ»-ն չէ:
– Պարոն Խաչիկյան, իսկ մեր քրեակատարողական հիմնարկներում վիճակը ինչպիսի՞ն է: Դատապարտվածները, որ դուրս են գալիս, պայմաններից բողոքում են:
– Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողական հիմնարկներում վիճակն այնպիսին է, ինչպիսին չէ եվրոպական երկրների շատ կառույցներում, այսինքն լավ է: Փառք Աստծո:
–Պարոն Խաչիկյան, Աստծո անունը շատ եք տալիս, զղջու՞մ եք կատարվածի համար, նկատի ունեմ գումարների յուրացումը:
-Արդեն ուզում ես հարցազրույց անել, չեմ խոսի:
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմբերի 8-ին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ 261 միլիոն ՀՀ դրամ գույքի բռնագրավմամբ. Վազգեն Խաչիկյանին և Սոցիալական ապահովության պետական ծառայության մի շարք աշխատակիցների մեղադրանք էր առաջադրվել առ այն, որ վերջիններս 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով, անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների. Ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի `29 միլիոն ՀՀ դրամ գումար: