Հասմիկ Կարապետյանի ընկերական հավաքույթը` տեսահոլովակի շնորհանդեսի առթիվ. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հասմիկ Կարապետյանի ընկերական հավաքույթը` տեսահոլովակի շնորհանդեսի առթիվ. life.tert.am

Հասմիկ Կարապետյանին հայկական շոու բիզնեսում ճանաչում են որպես Հասիկո։ Անկախ նրանից, որ նա արդեն մայրիկ է, նրան ընկալում են որպես փոքրիկ, միամիտ աղջնակ` իրեն բնորոշ զգացմունքայնությամբ և ջերմությամբ։ Երեկ երևանյան ժամանցի կենտրոններից մեկում կայացավ Հասմիկի և Դեր Հովայի նոր տեսահոլովակի շնորհանդեսը։ Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը։

«Դու պիտի ապրես» տեսահոլովակով Հասմիկն ազդարարում է 5–ամյա դադարի վերջը։ Թեև «վերադարձ» բառը ցանկանում է զգուշորեն օգտագործել` հաշվի առնելով, որ կյանքն անկանխատեսելի է։

«Կյանքն ինձ սովորեցրեց ոչինչ չխոստանալ։ Իմ կարգավիճակում շատ դժվար է աշխատելը։ Երեխայիս պահելու ընթացքում  հասկացա` ինչքան դժվար է համատեղել աշխատանքը և երեխայի խնամքը։ Շատերը կարողանում են, բայց ես բծախնդիր եմ, ուզում եմ ինքս մեծացնել երեխայիս, ոչ թե վստահել տատիկներին»,– ասաց երգչուհին, որը վայելում է դստեր` Տաթևի հետ անցկացրած ամեն վայրկյանը, միաժամանակ խոստովանում է` նույնիսկ Տաթևը չէր կարողանում լցնել այն բացը, որ իր մեջ առաջացել է գործունեության բացակայության պատճառով։

Հասմիկը փոքրիկ շնորհանդես էր կազմակերպել, որին մասնակցում էին միայն ամենամտերիմ մարդիկ։ Երգչուհուն շնորհավորելու էին եկել ամենամտերիմ ընկերները` Ավետ Բարսեղյանն ու Արսեն Գրիգորյանը։ Ժամանակին նրանք անբաժանելի եռյակ էին։ Հիմա շփումն ավելի քիչ է` հաշվի առնելով աշխատանքային և ընտանեկան զբաղվածությունը, սակայն ջերմությունը չի պակասել։ Ավետն ընդամենը 15 րոպե ուներ, քանի որ շտապում էր ուղիղ եթերի, սակայն չէր կարող բաց թողնել Հասմիկին շնորհավորելու առիթը և թեկուզ կարճ ժամանակով չգալ։

«Ընկերներիս՝ Արսեն Գրիգորյանի, Հասմիկ Կարապետյանի, Արսեն Սաֆարյանի, Անդրեի հետ աշխատելը միշտ տոն է լինում: Հասմիկի երաժշտությունը ինձ միշտ այլ տեղ է տանում: Անչափ հպարտ եմ, որ էլի աշխատում ենք, էլի վերադարձել ենք ու Հասիկոյի ճախրանքն ենք զգալու: Դեր Հովան չի քննարկվում, մեր երաժշտարվեստի լավագույններից է: Երգը շատ գեղեցիկ ձևով ծնվել էր Հասմիկի սրտում: Այն ժամանակ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված մտորումներ ունեինք. խոսքերի մեջ վերածնված ազգի սիմվոլը կա»,- ասաց Ավետը:

«Երգի աշխատանքային պրոցեսից հետո Ավետին չէի տեսել։ Շատ ուրախացա, որ տեսա նրան։ Ամուսինս ֆիզիկապես այստեղ չէ, քանի ր ԱՄՆ–ում է, սակայն հոգեպես կողքիս է։ Աղջիկս դեռ փոքրիկ է և մորաքրոջ մոտ է։ Շատ կուզեի նա գոնե 2 տարեկան լիներ և կողքիս»,– ասաց Հասմիկն  ու հավելեց, որ հրավիրել էր նաև Շուշան Պետրոսյանին, սակայն երգչուհին հարգելի պատճառով չի եկել. պետք է ելույթ ունենար «Գութան» փառատոնին։ Երեկույթը շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներով լի չէր։ Հասմիկը նշեց, որ վաղուց նեղացրել է մտերիմների շրջանակը, տեղն էլ փոքր էր, այնպես որ, ստիպված էր հրավիրել ամենահարազատներին։ «Ինձ համար կարևոր է, որ հավաքված են մարդիկ, որոնք գնահատում են իմ արվեստը, ընկերներ, որոնք իսկապես սրտացավ են ինձ համար։ Այստեղ մարդիկ են, ում հետ ես շատ ազատ եմ»,– նկատեց երգչուհին։

Երեկույթը փոքր էր, սակայն անցավ շատ ջերմ մթնոլորտում։ Սրահում ամենակարևորը դաշնամուրի առկայությունն էր։ Հասմիկի անբաժանելի ընկերը` դաշնամուրը, բոլորին հավաքեց իր շուրջ։ Երգչուհու հավաքույթը չէր կարող անցնել առանց  կենդանի կատարումների։ Հասմիկը նվագեց և երգեց «Ես գնում եմ» հայտնի հիթը, որը ժամանակին մեծ ճանաչում բերեց իրեն, ինչպես նաև, էքսպերիմենտ արեց` Արսեն Գրիգորյանի նվագակցությամբ երգեց  ժողովրդական ստեղծագործություն։ Ներկաները Հասմիկին միայն մի բան էին ասում` ակումբային համերգի ժամանակն է։

Տեսահոլովակի ցուցադրությանը հյուրերը հետևում էին ուշի ուշով ու Հասմիկի երգերին կարոտած։ Ինքը` երգչուհին, ընթացքին հետևում էր վերջում կանգնած` շունչը պահած։ Ավարտին առաջինը լսվեց Հասմիկի ձայնը` Մարիամը (հերոսուհին) վերջապես ժպտա՜ց։ Սա լավագույնս արտահայտում է տեսահոլովակի խորհուրդը։ «Դու պիտի ապրես»–ը դժվարությունների առաջ կանգ չառնելու մասին է։

life.tert.am