Թուրք գործիչները այցելել են Արցախ որպես խաղաղության դեսպաններ. Արագած Ախոյան
Advertisement 1000 x 90

Թուրք գործիչները այցելել են Արցախ որպես խաղաղության դեսպաններ. Արագած Ախոյան

Թուրք քաղաքական, հասարակական  հայտնի գործիչների՝ Արցախ կատարած այցը պատմական է, այն իրականացվել է գիտակցաբար: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Վերադարձ» հիմնադրամի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, ում հրավերով սեպտեմբերի 22-24 Արցախ էին այցելել  թուրք քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ Ուֆուք Ուրասը, Ալի Բայրամօղլուն, Սայիդ Չեթինօղլուն և Էրոլ Քաթըրջօղլուն:

«Մեր թուրք գործընկերները մեր գաղափարակիցներն են և դեռ տարիներ առաջ խոսում էին Ցեղասպանության մասին: Նրանք  ճանաչված դեմքեր են Թուրքիայում: Այցի հետ կապված ծրագրեր կային, պարզապես հարմար առիթը վերջերս օգտագործվեց, և միասին այցելեցինք Արցախ»,-նշեց նա:

Հիմնադրամի նախագահի խոսքով՝ նրանք սեպտեմբերի 28-ին են տեղեկացել, որ ադրբեջանական իշխանությունները որոշում են կայացրել կալանավորել գործիչներին որպես «սահմանախախտների» և դա անելու համար դիմել են Թուրքիայի համապատասխան մարմիններին: Նա ընդգծեց, որ թուրք գործիչներին Արցախ հրավիրելով՝ հիմնադրամը նպատակ է ունեցել  նրանց միջոցով թուրք հասարակությանը օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու հնարավորություն  ստեղծել:

«Այդ գործիչները ոչ հակահայ են, ոչ հակաթուրք, ոչ հակաադրբեջանցի: Նրանց նպատակն է հաշտեցման ուղիների որոնումը, ազգերի միջև թշնամանքի վերացումը: Նրանք քաջ գիտակցելով են Արցախ այցելել՝ որպես խաղաղության դեսպաններ»,-ընդգծեց Արագած Ախոյանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ, գործիչներն Ադրբեջանի քայլից ամենևին չեն ընկրկել, նրանց տրամադրությունը բարձր է:

Արագած Ախոյանի խոսքով՝ ներկայիս Թուրքիայում այս գործիչները կարևոր դերակատարում ունեն Ցեղասպանության ճանաչման գործում, կազմակերպել են Ցեղասպանության զոհերի ոգեկոչման տարբեր միջոցառումներ, ակցիաներ: Այցից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ գործիչներից մեկն ընդհուպ ասել է, որ  չի դիտարկում Արցախը որպես ադրբեջանական տարածք:

Հարցին, թե արդյո՞ք հետագայում Թուրքիան կարտահանձնի գործիչներին, Արագած Ախոյանը բացասական պատասխան տվեց.

«Քաղաքացուն հանձնելը ցանկացած պետության ինքնասիրության խնդիր է: Դատավարություն կլինի գուցե, բայց արտահանձնումը չեմ պատկերացնում»:



Նման նյութեր