Սեպտեմբերի 28-ից 30-ը Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում ընթանում է Nebelhorn Trophy 2017 գեղասահքի միջազգային մրցաշարը, որը գեղասահորդների համար վերջին հնարավորությունն է 2018 թվականին Հարավային Կորեայի Պհենչհան քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրեր ստանալու համար:
Սեպտեմբերի 29-ին ավարտվել է մենասահորդների մրցապայքարը, որտեղ Հայաստանը ներկայացրել է Սլավիկ Հայրապետյանը, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մեր մարզիկը կարճ (60.25) և կամավոր (119.73) ծրագրերի արդյունքում վաստակել է 179.98 միավոր և 26 մասնակիցների շարքում զբաղեցրել 12-րդ տեղը:
Տղամարդկանց մրցապայքարում խաղարկվել է 6 ուղեգիր:
«Սլավիկն այնքան էլ հաջող չկատարեց կարճ ծրագիրը, իսկ ահա կամավորում հրաշալի ելույթ ունեցավ, սակայն մրցավարներն անամոթաբար ցածրացրին տղայի գնահատականները: Մենք շատ հուսահատված ենք: Հերթական անգամ մրցավարներն օգտվում են այն հանգամանքից, որ մրցավարական կազմում մենք չունենք մեր ներկայացուցիչը»,- Օբերսդորֆից ՀԱՕԿ լրատվականին հայտնել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:
Մենասահորդուհիների և պարային զույգերի պայքարում մասնակցիները հանդես են եկել կարճ ծրագրում: Անաստասիա Գալուստյանը 34 մարզուհիների մեջ դեռ 15-րդն է:
Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ երկյակը ութերորդն է 18 զույգերի մեջ:
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, գեղասահորդները հանդես կգան կամավոր ծրագրում:
armsport.am