Ընտանեկան կյանքը յուրաքանչյուրի անձնական գործն է, բայց հարաբերություններում գործող ընդհանուր կանոններ կան, որոնք հեշտացնում են ամուսնական կյանքը: Իհարկե, այդ կանոնները ձևավորվում են փորձարկումների և սխալների արդյունքում, սակայն էականն արդյունքն է: Զարմանալի է, բայց արդեն հետևում են ամուսնության 11 տարիները: Որքան ինձ հիշում եմ, երբեք իմ առաջ անպայման ամուսնանալու, երեխաներ ունենալու նպատակ չեմ դրել: Ընդհակառակը, փառահեղ այլ պլաններ ունեի, ինչպես բոլոր 15-17 տարեկան դեռահասները: Շատ էի ուզում սպորտում հաջողություններ ունենալ, անպայման տիրանալ օլիմպիական ոսկուն, սակայն կյանքը, ինչպես միշտ, իր պլաններն ուներ: Վնասվածքը վերջ դրեց իմ կարիերային, և սկսվեց ուրիշ կյանք: Բայց դա չէր նշանակում՝ գիշերային զբոսանքներ, անկառավարելի կյանք, ալկոհոլային երեկույթներ և հետդեռահասային շրջանի այլ «հաճույքներ»: Սպորտն ինձ չափավորություն էր սովորեցրել ամեն ինչում: Ապա ամեն ինչ եղավ՝ ինչպես բոլորի մոտ, և ահա արդեն 11 տարի ամուսնացած լինելով` ուզում եմ կիսվել հաջողակ ամուսնական կյանքի 11 կանոններով:
Սերն անցնում է
Այո, անցնում է, տարիների հետ արդեն չի լինում սիրային կախվածություն, բուռն զգացմունքներ, տառապանքներ, արցունքներ, հոգեկան ցավ և, բացի սիրած մարդուց՝ այլ բանի մասին մտածել չկարողանալու ապատիկ վիճակ: Հարաբերությունները պետք է լավը լինեն, առանց հիստերիայի, ուղեղ սղոցելու, անպատասխան հաղորդագրությունից հետո ադրենալինի պոռթկման, կոտրված ափսեների և ծնողների տուն տեղափոխվելու ցանկության, առանց երկար ու արցունքոտ գիշերների հերթական վեճից հետո սովորաբար պատահող: Հարաբերությունները պետք է կայուն լինեն, բայց ոչ ձանձրալի, պետք է հանգիստ լինեն, որպեսզի տուն գնալիս դու վստահ լինես, որ այնտեղ ամեն ինչ նորմալ է, և քեզ չի սպասում հարբած ագրեսիվ ամուսնուդ դեմքը և բռունցքը:
Ամուսնական կյանքը միայն տոն ու ուրախություն չէ
Այնպես չի լինում, որ երկար տարիներ ամուսիններն ապրում են առանց վեճերի ու միմյանց նկատմամբ նեղվածության զգացողության: Լինում են հիվանդություններ, վատ ինքնազգացողություն, հոգնածություն և բռնկուն վիճակ, զայրույթ և վիրավորանքներ, լարված վիճակ, դժվարություններ ու անհաջողություններ: Հարցն այն է, թե որքան երկար ամուսինները կարող են մնալ այդ վիճակում, կամ կհաղթահարե՞ն արդյոք:
Ամուսիններն իսկապես նույն սոցիալական մակարդակը պիտի ունենան
Արքայզնի ու մոխրոտիկի պատմություն միայն հեքիաթներում է լինում: Հավատալ սրան իրական կյանքում սխալ է, ռոմանտիկ հիմարություն, որով աղջիկները մանկությունից դեռ լցնում են իրենց գլուխը: Եվ արդյունքում, անհավասար ամուսնությունները հաճախ ավարտվում են ամուսնալուծությամբ: Սիրահարվածության քիմիան կարող է միմյանց գիրկը նետել, սակայն, երբ դա անցնում է, ի հայտ են գալիս տարբերությունները դաստիարակության, մենթալիտետի, կյանքի նկատմամբ վերաբերմունքի, փողի, աշխատանքի, երեխաների և կյանքի այլ դրսևորումների նկատմամբ: Միայն ֆիլմերում են հաղթահարվում այս տարբերությունները, իրական կյանքում ամեն ինչ շատ ավելի դժգույն է:
Ամուսինները պետք է միասին զարգանան
Չի կարելի կանգ առնել ձեռք բերածի վրա: Եթե ամուսինն ու կինն առաջ չեն ընթանում միասին, արդյունքը վշտալի է: Նրանից, ով խանգարում է աճել, անպայման, վաղ թե ուշ հեռանում են: Չեն ներվում ոչ կաթսաների, տակաշորերի, երեխաների մեջ խճճված կանայք, ոչ էլ որպես հիմնական հետաքրքրություններ` միայն գարեջուր ու հեռուստացույց ունեցող տղամարդիկ: Այլ տարբերակ չկա:
Կինը չպետք է ամբողջությամբ տարրալուծվի ամուսնու և երեխաների մեջ
Ես նախ՝ ինձնով եմ զբաղվում, ապա՝ իմ երեխաներով և ամուսնով: Ամուսնու ստվերը դարձած, նրանից կախված, իր ես-ը կորցրած կինն արագ ձանձրալի և բեռ է դառնում: Չի կարելի ապրել միայն ամուսնու և երեխաների ցանկություններով: Կողքիդ պետք է լինի այնպիսի անձնավորություն, ում ուզենաս ուսումնասիրել, ում հետ հաճելի լինի զրուցելը, նրա կարծիքն իմանալը:
Միմյանց պետք է ընդունել
Խորքային մակարդակում պետք է միմյանց ընդունել: Կարող են նյարդայնացնել և կատաղության հասցնել որոշ սովորություններ, կարող ես համաձայն չլինել նրա բնավորության որոշ դրսևորումների հետ, որոշ խնդիրների լուծման եղանակների վերաբերյալ տարաձայնություններ, իհարկե, կլինեն, հատկապես՝ երեխաների դաստիարակության հետ կապված, սակայն խորքային մակարդակում մարդը պետք է ընդունված լինի՝ իր բոլոր թերություններով հանդերձ: Պետք է մարդուն թույլ տալ լինել այնպիսին, ինչպիսին ինքը կա: Կարելի է փորձել վերափոխել նրան, բայց դա կյանքի նպատակ չպետք է լինի, այլ լրացուցիչ գործառույթ: Կստացվի՝ լավ, չի ստացվի՝ էլի լավ:
Չի կարելի մարդուն ստիպողաբար պահել կողքիդ
Վերջին տարիները հենց այդ սկզբունքով էլ ապրում եմ: Չեմ վախենում, որ ամուսինս կարող է թողնել ինձ, քանի որ բոլորի նման՝ նա էլ ավելի լավ կյանք ունենալու իրավունք ունի: Առանց ինձ: Սա շատ նորմալ է: Ես էլ այդ իրավունքն ունեմ: Այո, այդ դեպքում նախկին կյանքը չի լինի, կլինեն դժվարություններ, բայց դա աղետ չի: Չի կարելի մարդուն զոռով պահել կողքիդ: Այդ պատճառով էլ պետք է ժամանակին հանել վարդագույն ակնոցը, մեկընդմիշտ մոռանալ «կապրենք երկար և երջանիկ և կմեռնենք նույն օրը» արտահայտության մասին և պատրաստ լինել ամեն ինչի: Սա չի նշանակում, որ հավերժ պետք է ապրեք այս վիճակում՝ վառոդի տակառի վրա, սա միայն նշանակում է, որ պետք է հասկանալ, որ մի օր կարող ես միայնակ մնալ, ու դա սարսափելի չպիտի լինի:
Յուրաքանչյուրը կարող է իր հետաքրքրություններն ու ցանկություններն ունենալ
Ամուսիններից յուրաքանչյուրը պիտի անձնական տարածքի և ժամանակի իրավունք ունենա և իր ֆինանսական միջոցները: Եվ դա նորմալ է: Ու չի քննարկվում: Ոչ պետք է ամուսնուն խանութներով քարշ տալ, ոչ էլ ինքդ գնաս նրա հետ, ասենք, ձկնորսության, եթե չես ուզում: Իմ անձնական ժամանակը, օրինակ, իմ մարզումների, յոգայի, վազքի համար առանձնացված ժամանակն է: Կարող եմ մենակ գնալ, նստել լճի ափին ու մտածել, գիրք կարդալ, և այլն: Ամուսինս ընկերների հետ հանգիստ բաղնիք է գնում, մի քանի օրով՝ ձկնորսության. ոչ ոք ոչ մեկի չի հետևում, հիստերիայի մեջ չի ընկնում: Բոլորը գոհ են, բոլորի համար լավ է:
Պետք է յուրաքանչյուրը նաև իր ֆինանսական միջոցներն ունենա, առանց դրանց մասին անպայման հաշիվ տալու: Նվաստացուցիչ է փող ուզել հիգիենիկ պարագաների կամ ծխախոտի համար: Մենք, օրինակ, ամսական ընտանեկան պարտադիր ծախսերի ցուցակ ունենք, որը 2-ով ենք անում, մեր 2-ի միջոցներով: Իսկ այն, ինչ մնում է, ծախսվում է անձնական հայեցողությամբ:
Միմյանց հետ երկար ապրում են խառնվածքով մոտ մարդիկ
Կարելի է հարմարվել բնավորությանը և մյուսի կյանքի արագությանը, սակայն, երբ այդ արագությունները շատ են բևեռացված, ապա Ձեր կյանքի սրընթաց «Ֆերրարին» դժվար թե սպասի անիվները հազիվ քարշ տվող քարուքանդ «Զապորոժեցին»:
Սեքսն ամուսնության մեջ ամենակարևորը չէ
Նախկինի պես անզուսպ սեքս, կրքոտ գիշերներ և ռոմանտիկա համատեղ կյանքի 11 տարիներից հետո ռեալ չէ ունենալ: Ժամանակի ընթացքում ամեն բան ավելի հանդարտվում է իհարկե: Նախկին կիրքը կարող է պահպանվել միայն այն դեպքում, եթե ամուսիններից մեկը մյուսից սիրային կախվածության մեջ է: Սակայն սովորական, ոչ պրոբլեմային հարաբերությունների ժամանակ սեքսը 2-րդ պլան է մղվում: Միմյանց կողքին երկար տարիներ անցկացնելուց հետո այլ առաջնահերթություններ են ի հայտ գալիս:
Որոշումները պետք է համատեղ ընդունվեն
Բայց միևնույն ժամանակ՝ կինը խիստ տղամարդկային խնդիրների մեջ չպիտի խորանա: Մանր, ամենօրյա գործերը համաձայնեցնել պետք չէ միմյանց հետ, բայց, ասենք, խոշոր գնումները, ճակատագրական որոշումներն անպայման պետք է քննարկվեն, և որոշումն էլ պետք է միասին ընդունվի: Ինչպես դաստիարակել երեխային, ուր մեկնել հանգստանալու, ինչ մեքենա գնել. Քննարկվող հարցեր են, իսկ ահա խցկվել ամուսնու գործերին վերաբերող հարցերի մեջ ցանկալի չէ: Առավելագույնը, ինչ կարող եք անել, Ձեր կարծիքը հայտնելն է: Եվ ամենակարևորը, գնացեք կոմպրոմիսի, լսեք միմյանց: Իսկ ընդհանրապես ընտանեկան կյանքը սիրո, վստահության, փոխօգնության, համբերատարության և կամքի ուժի համադրություն է: Երբեք միմյանց վրա ափսեներ չնետեք ու կահույքը չջարդեք, լուսանկարներ, հագուստ մի պատռեք, մի գնացեք ծնողների տուն ապրելու ամեն հերթական վեճից հետո, մտածված իրար մի ցավեցրեք և հարաբերություններ պարզելիս երեխային մի շահարկեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆի Պետրոսյանը