Կարեն Քոչարյան. «Տասնամյակներով Հանրայինում աշխատած մարդկանց անտեսելը՝ տգիտություն է»
Advertisement 1000 x 90

Կարեն Քոչարյան. «Տասնամյակներով Հանրայինում աշխատած մարդկանց անտեսելը՝ տգիտություն է»

Հայկական հեռուստատեսության վաստակաշատ հաղորդավար Կարեն Քոչարյանը  իր Facebook-յան էջում գրել է. «Մի քանի խոսք Նորքի բարձրունքի մեր հարազատ Սպիտակ տան բակում անցկացված 60-ամյակից: Կարծում եմ,որ վերջիններից չեմ այդ բնագավառում և վաստակել եմ մասնագիտական կարծիք հայտնելու իրավունքը: Սկսեմ նրանից,որ ինձ համար անհասկանալի է,թե ե՞րբ Հանրային հեռուստաընկերությունը դարձավ 60 տարեկան… Ուշադիր կարդացեք,այս տողը,որը վերցրած է և՛ Վիկիպեդիայից,և՛ Հանրայինի պաշտոնական կայքից «2000-ին վերանվանվեց Հանրային հեռուստաընկերություն` «Հ1» լոգոտիպով»:

Տիկնայք և պարոնայք, ո՞ւր է ձեր թվաբանությունը… Հանրայինը ընդամենը 16 տարեկան է, իսկ ահա Հայկական հեռուստատեսությունը ամբողջությամբ՝ 60: Այն բոլոր հեռուստատեսություններն ու հեռուստաընկերությունները, որոնք գործում են Հայաստանում և նույնիսկ ոմանք Հայաստանից դուրս Հայկական պետական հեռուստատեսության զավակներն են: Եթե նշվեր Հանրայինի 16 ամյակը այնտեղ գտնվող դեմքերի կազմը տրամաբանական կլիներ, չնայած նույնիսկ այդ դեպքում ծննդյան տարեդարձին ներկա են լինում նաև հյուրեր, որոնք ՊԱՏԻՎ ԵՆ ԲԵՐՈՒՄ տան տերերին: Իսկ տվյալ պարագայում տասնամյակներով այդ Սպիտակ տանը աշխատած մարդկանց անտեսելը՝տգիտություն է: Մենք դրա համար մեր առողջությունը,իսկ ոմանք էլ կյանքը չդրեցինք,որ այսօր դուք առով-փառով վայելեք,  իսկ մենք պիտի գանք հարազատ հեռուստատեսություն միայն որպես այս,կամ այն հաղորդման հյուր, մեր կիրթ ու գրագետ խոսքով հարստացնելու եթերը: Դե իսկ ոմանք էլ թող մեր խոսքի հաշվին գումար վաստակեն ու ասեն հաղորդում ենք պատրաստում:

«Խճանկարը» և «3-րդ ալիքը», որոնք հեռուստադիտողը առանձնակի ջերմությամբ հիշում է առ այսօր հայկական հեռուստաեթերի տարեգրությունում եղել են շրջադարձային: Ի դեպ, մենք եղել ենք… Լավ, ես չասեմ, ավելի լավ է կրկին անդրադառնամ Վիկիպեդիային.

«1990-ականների սկզբում հեռուստատեսությունը համեմատաբար ազատվեց գրաքննությունից։ Հասարակական-քաղաքական հաղորդումներին զուգահեռ ավելացան և նոր ձևով ներկայացան ժամանցային հաղորդումները։ Մեծ մասսայականություն էր վայելում «Խճանկար» ծրագիրը, որը 1990 թ. վերջին օրը ներկայացրեց «Ճամփորդություն դեպի 1991 թվականը» 24 ժամանոց հեռուստամարաթոնը։ Մեկ ամիս անց ծնվեց նոր հաղորդաշար՝ «3-րդ ալիք»-ը, որի հիմնական ստեղծագործական խումբը հավաքվեց առաջին օրվանից. Արտակ Արզումանյան, Էլմիրա Արսենյան, Արտավազդ Եղոյան, Վաչագան Ներսիսյան, Կարեն Քոչարյան»:

Ի դեպ, ժամանակին այս տողերը և ավելին կարելի էր կարդալ նաև Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքում,իսկ ներկայիս կայքը միայն ներկաների գովաբանությամբ է զբաղված և մի կծկտուր էջ միայն ներկայացնում է համառոտ պատմությունը http://www.1tv.am/hy/about :

Ի դեպ ես կրկնակի վիրավորանք եմ զգում: Հարցրեք յուրաքանչյուր հեռուստատեսային աշխատողի (խոսքս հին աշխատողների մասին է), որն էր ամենասիրված բաժինը… Միանշանակ կլսեք ՀԱՂՈՐԴԱՎԱՐԱԿԱՆ: Հաղորդավարներս միշտ եղել ենք մեր եթերի դեմքը և սպասված հյուրը յուրաքանչյուրի տանը: Մեզ ճանաչում և սիրում էին, նույնիսկ ընդօրինակում էին, երիտասարդ աղջիկների և տղաների համար նորաձևության էտալոնը հաղորդավարներն էին: Մեզանից մեծամասնությունը այսօր չի աշխատում Նորքի բարձրունքում,ոմանք հեռացել են երկրից,բայց միշտ աշխատել ենք ու կաշխատենք,երբեք անգործ չենք մնա,որովհետև պրոֆեսիոնալ ենք: Եվ ցավալի է,որ այդ պրոֆեսիոնալների բանակը նույնպես անտեսվեց և ներկա չեղավ տոնակատարությանը: Տխուր է այս ամենը, տխուր, որ ներկայիս ղեկավարությունը չի ուզում հասկանալ, որ նման քայլով իրենք կվաստակեյին միայն ՀԱՐԳԱՆՔ հեռուստադիտողի կողմից,իսկ այսօր…. Ցավալի է, երբ քո տունը անտեր վիճակում է և քո մշտական բանալին չի կարող բացել հարազատ դուռը…

Իսկ իմ հարազատ բարի Հայկական հեռուստատեսության ծննդյան օրը ես կշնորհավորեմ բնականաբար նոյեմբերի 29-ին,երբ կայացավ առաջին եթերը…»:

 



Նման նյութեր