Սեպտեմբերի 29-ին Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղում 33-ամյա կինը 36-37 շաբաթական հղիություն ունենալով՝ իրենց առանձնատանը ծննդաբերել է, սակայն նրա մայրը նորածնի մարմինը գցել է իրենց տանը կից զուգարանի փոսը:
Ծննդաբերած կինը ծննդաբերության հետեւանքով արյունահոսություն է ունեցել, բուժօգնության համար դիմել է հիվանդանոց: Ծննդաբերած կինն ամուսնացած չէ: Նրա մայրը ոստիկաններին ասել է, որ պտուղը մահացած է ծնվել: Դեպքի կապակցությամբ նշանակվել է 2 փորձաքննություն: Նորածնին զուգարանի փոսը նետած կնոջն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով (« Անզգուշությամբ մահ պատճառելը»): Սույն հոդվածը նախատեսում է առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում:
Այդ կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն, այնտեղից կուղարկվի ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն: Նորաշենից տեղեկացանք, որ իր տանը ծննդաբերած կինը բնակվում է եղբոր, փոքր քրոջ, հոր եւ մոր հետ:
Ծննդաբերած կնոջ եղբայրը պայմանագրային զինծառայող է, կնոջ հայրը, որպես բանվոր, պայմանագրային հիմունքներով աշխատում է զորամասում: Տնեցիները տեղյակ չեն եղել, որ իրենց հարազատը 36-37 ամսվա հղիություն ունի, համագյուղացիները նույնպես չեն նկատել նրա հղիությունը Ծննդաբերած կնոջ մայրը, որը նորածնի մարմինը զուգարանի փոսն է նետել, 57-58 տարեկան է: Նա իրավապահներին ասել է, որ ինքը 9 երեխա է ծնել, որոնցից 7-ն այսօր ապրում են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ