Թաթան հայկական շոու բիզնեսի ամենաերկարակյաց կարիերա ունեցող երգիչներից մեկն է, որի պահանջարկը չի նվազում տարիների հետ։ Ճիշտ հակառակը` նրա հոնորարներն օր օրի բարձրանում են, իսկ շոու բիզնեսի գործընկերները հաճախ քչփչում են, որ նա բավականին թանկ է վարձատրվում երգելու համար։ Չնայած բարձր հոնորարներին` երգչի գրաֆիկը միշտ հագեցած է ինչպես համերգներով, այնպես էլ կորպորատիվներին ելույթ ունենալու հրավերներով։
Թաթան երգում է շատ, իսկ խոսել չի սիրում, թերևս, սա է պատճառը, որ տարիներ շարունակ հրաժարվել է հարցազրույցներ տալ։ Երգիչը բացառություն է արել Tert.am Life–ի համար և հարցազրույց տվել, որի շրջանակում խոսել ենք ինչպես գործունեության, այնպես էլ կնոջ և որդու մասին։
–Թաթա, օրերս հայտնի դարձավ Արգենտինայում Ձեր մենահամերգի մասին. տոմսերը սպառվել են մինչև վաճառքի պաշտոնական մեկնարկը։ Անշլագով համերգներ շատ եք ունեցել, սակայն տոմսերի սպառման այսպիսի արագություն Ձեր պրակտիկայում եղե՞լ է։
-Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր որոշել են գալ իմ համերգին։ Այդ փաստը միայն ոգևորվում է ինձ։ Նման բաներ մեր պրակտիկայում էլի են եղել։ Հիմնականում, եթե լինում են անշլագեր, առաջին մի քանի օրվա ընթացքում են տոմսերը սպառվում։
–Շատ երգիչների աստղային ժամը առավելագույնը մի քանի տարի է տևում։ Դուք 21 տարի է, ինչ այս ասպարեզում եք և շարունակում եք պահանջված լինել։ Ո՞րն է Ձեր կարիերայի երկարակեցության գրավականը։
–Կարծում եմ՝ Աստված է այդպես կամենում։ Ուրիշ ինչ պատասխան էլ տամ, գլուխ գովել կստացվի։
–Նոր երգ գրելիս հաշվի առնո՞ւմ եք, թե հանդիսատեսն ինչպես կընկալի, թե՞ գրում եք այն, ինչ Ձեր սրտից է բխում։
–Ես մոտավորապես փորձում եմ պատկերացնել, թե ինչ դուր կգա իմ հանդիսատեսին և հետաքրքիր կլինի իրենց։ Եթե իմ սրտի հետևից ընկնեմ, շատ հեռու կգնամ։ Հնարավոր է` իմ անձնական մղումները դուր չգան հանդիսատեսին։
–Իսկ ո՞ւր կտանեն Ձեզ Ձեր անձնական մղումները։
–Գեղարվեստական ասեմ` դեպի սիրո անդունդ։
–Իսկ «սիրո անդունդը» ոճային փոփոխությո՞ւն է ենթադրում։
–Այսպես ասեմ` դեպի սիրո ռաբիս անդունդ։) Ամեն մարդ պետք է ունենա իր ոճը և հավատարիմ մնա դրան։ Եթե փոխվեմ, ես առաջին հերթին իմ աչքին ծիծաղելի կլինեմ։
–Հատկապես ի՞նչն է կոմպլեքսավորում Ձեզ։
–Դա մանկուց է մնացել։ Երբ փոքր էի, հայտնի դերասաններից մեկին տեսա տրամվայի մեջ։ Ցուրտ էր, նա մի քիչ կծկված էր։ Ես իրեն շատ էի սիրում, մինչև հիմա էլ սիրում եմ։ Ինձ վրա շատ ազդեց այդ տեսարանը։
–Ձեր որդին` Ադամը, արդեն 10–րդ դասարան է։ Մասնագիտություն ընտրելու ժամանակն է։ Ի՞նչ խորհուրդ եք տալիս իրեն, ի՞նչ ճանապարհով է ուզում գնալ։
–Դժվարանում եմ խորհուրդներ տալ որդուս, ինքն էլ է դժվարանում ընտրության հարցում։ Հիմա օտար լեզուներ է սովորում, տեսնենք` ինչ ճանապարհով կգնա։
– Խի՞ստ հայր եք։ Ո՞ր հարցերում և ինչպե՞ս է դրսևորվում Ձեր խստությունը։
–Այո, բոլոր հարցերում եմ խիստ։ Ես ուզում եմ, որ իմ տղան զսպված մարդ լինի։ Մենք երկար տարիներ փորձել ենք թաքցնել, որ դպրոցում չիմանան, թե ինքն ում տղան է, որպեսզի ինքն ավելի հանգիստ ապրի։ Իր լուսանկարներն էլ շատ չեմ լուսաբանել։ Ուզում եմ ինքն ապրի ոչ թե որպես իմ որդի, այլ որպես անհատ։
–Ըստ էության` Ձեր սահմանափակումներն անդրադառնում են նաև Ձեր կնոջ ու որդու վրա։ Նրանց կողմից դժգոհություններ չե՞ն լինում։
–Լինում են, բայց դրանք մնում են մեր տանը, մեր ընտանեկան խոսակցությունների մեջ։ Կինս և տղաս, երբեմն, ինձ մեղադրում են, բայց ես չեմ ունեցել այդ բախտը` տղայիս ձեռքը բռնած քայլել քաղաքի փողոցներով, մտնել խանութ կամ սրճարան։ Իհարկե, իմ կինն էլ է ցանկանում, ինչպես բոլոր կանայք, իր ամուսնու հետ թևանցուկ պտտվել քաղաքով, այցելել գեղեցիկ տեղեր, իմ որդին էլ է շատ ուզում, բայց ինչ արած…
–Տարվա կեսից ավելին մեկնում եք շրջագայությունների։ Այդ ամենն ինչպե՞ս է անդրադառնում ընտանեկան հարաբերությունների վրա։
–Մեր բաժանումներն ավելի են ամրապնդում մեր գեղեցիկ զգացմունքները։ Կինս փորձում է հասկանալ, որ ամուսնացել է մի մարդու հետ, որը լիովին իրեն չի պատկանում։ Փորձում է ապրել կյանքը` թեկուզ առանց համաձայնելու համակերպվելով որոշ դժվարությունների հետ։
–28 տարի է ` ամուսնացած եք։ Բավականին երկար ժամանակ է։ Ո՞րն է երկարատև ու հաջողված ամուսնություն ունենալու գրավականը։
–Սերն ու հարգանքը։ Պատասխանատվությունը Աստծո առաջ։ Ես պատասխան եմ տալու Աստծո առաջ, որովհետև եկեղեցում ասել եմ, որ ամեն ինչին տեր եմ։ Չգիտեմ` սխալվել եմ, թե ոչ, համենայն դեպս, խոստացել եմ Աստծո առաջ և դրա համար պիտի պատասխան տամ մինչև կյանքիս վերջ (ծիծաղում է, հեղ.)։
–Այսինքն` ընտանեկան խնդիրների դեպքում ուղղակի պետք է հիշե՞լ խոստումը։
–Այդպես էլ չեմ կարծում, որովհետև կյանքը մի անգամ է տրվում մարդուն։ Եթե նա երջանիկ չէ իր ընտանիքում, կարծում եմ, կարող է լուծարել այդ պայմանագիրը։ Փառք Աստծո, մեր ընտանիքում դեռևս չեն եղել այդպիսի սուր պահեր, որպեսզի մտածենք այդ ուղղությամբ։
Ամբողջությամբ՝ life.tert.am