Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Եվա Բաղդասարյանը, ում հեռուստադիտողը այս շրջանում որևէ նախագծում չի տեսնում: Դերասանուհու հետ խոսել ենք փոքրիկ դադարի, առաջիկա ծրագրերի և սոցիալական էջերում իր կտրուկ պասիվության մասին:
«Ամռանը որոշեցի հանգիստ վերցնել, մեկնեցի երկրից դուրս, ինձ անհրաժեշտ էներգիան հավաքեցի ու վերադարձա Հայաստան: Իրականում, էկրանային հանգստի կարիք ևս զգում էի, բայց արդեն իսկ համաձայնել եմ նկարահանվել նոր հեռուստասերիալում, որի ռեժիսորն է Վահե Սայանը: Հեռուստասերիալը դեռ եթերում չէ, այնպես որ բովանդակության վերաբերյալ մանրամասներ հայտնել չեմ կարող: Միայն նշեմ, որ այս անգամ դրական կերպարով եմ ներկայանալու, թեև ինձ համար կարևոր չէ` կերպարս դրական, թե բացասական է: Ավելին` նախընտրում եմ բացասական կերպարներ մարմնավորել, քանի որ հաճույք եմ ստանում, երբ խարակտերային դերերով եմ ներկայանում», – պատմեց դերասանուհին` հավելելով, որ այս թիմում նորեկ է, քանի որ բոլորն իրեն անծանոթ են եղել.
«Այստեղ ներգրավված են «Երանի» հեռուստասերիալի գրեթե ողջ թիմը: Նրանք ինձ ծանոթ էին միայն էկրաններից, այսինքն` անձամբ ծանոթ չէինք: Ուրախ եմ, որ հեշտ շփվող մարդ եմ, հետևաբար ինձ համար նոր թիմերում անմիջապես ինտեգրվում ու ընկերանում եմ»,- նկատեց նա:
Եվա Բաղդասարյանը տեղեկացրեց, որ հեռուստասերիալում խաղալուց զատ զբաղված է նաև սեփական բիզնեսով.
«Վերջերս որոշեցի ինձ փորձել նաև բիզնեսում, իհարկե, խոսքը փոքրիկ բիզնեսի մասին է: Հիմա ուժերս կենտրոնացրել եմ դրա վրա, հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ այն ընդլայնել»- նշեց նա` հրաժարվելով բացահայտել, թե ինչ բիզնեսի մասին է խոսքը:
Հետաքրքրվելով, նաև թե ինչի՞ հետ է կապված սոցիալական էջերում դերասանուհու լռությունը, Եվան պատասխանեց.
«Գիտեք, հասկանալի է, որ հանրային մարդիկ մշտապես ուշադրության կենտրոնում են, բայց մենք էլ երբեմն հանգստի կարիք ունենք: Իմ կյանքում առաջին անգամ եմ զգում այդ հանգստի կարիքը, մի տեսակ ներքին անհրաժեշտություն եմ զգում լռելու, ստվերում մնալու, սեփական կյանքս չհանրայնացնելու: Ուզում եմ ավելի քիչ քննարկվի իմ անձը, բոլորից ու ամեն ինչից հանգստանալու կարիք ունեմ, այդ իսկ պատճառով անձնական էջերումս անգամ լուսանկարներ չեմ հրապարակում, բայց, ինչ խոսք, սա միայն շրջան է, որը վստահաբար շուտով կանցնի»: