ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրությունների արդյունքում խախտումներ է հայտնաբերել խտացրած կաթի, յուղի և հալած պանրի շուկաների մատակարարման և իրացման ոլորտներում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում Արեգ Հովհաննիսյանը: Խտացրած կաթի անվան տակ վաճառվել է բուսական յուղից պատրաստված մթերք: Նման իրավիճակ առկա է նաև թթվասերի, յուղի և հալած պանրի շուկաներում:
«Նշված ոլորտներում մեր հանձնաժողովի կողմից մի շարք խոշոր սուպերմարկետներում իրականացվել են դիտարկումներ։
ասնավորապես ուսումնասիրվել են «Երևան սիթի», «ՍԱՍ», «Նոր Զովք», «Էվրիկա», «Պարմա», «Վաս», «Կրպակ» և «Ծիրան» սուպերմարկետները։ Դիտարկման արդյունքում պարզվել է, որ սուպերմարկետներում վաճառքում առկա են կաթ պարունակող խտացրած մթերք և խտացրած կաթ անվանումներով ապրանքներ»,- նշեց Արեգ Հովհաննիսյանը։
Մաքսային միության կանոնակարգի համաձայն խտացրած կաթ է համարվում այն կաթնային մթերքը, որի բաղադրության մեջ օգտագործվում է բացառապես կաթնայուղ։ Արգելվում է օգտագործել կաթնայուղի փոխարինող։
Տնտեսավարողների մի մասն ընդունել է իրենց կողմից խախտումներ կատարելու փաստը՝ նշելով, որ վարույթի հարուցումից անմիջապես հետո խնդիրը շտկվել է։ Որոշ տնտեսավարողներ Հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների ընթացքում տեղեկացրել են, որ իրենց թյուրիմացության մեջ են գցել մատակարարները։ Վերջինները մատակարարման հաշիվ -ապրանքագրերում նշված ապրանքները մատակարարել են հենց խտացրած կաթ, թթվասեր, յուղ և հալած պանիր անվանումներով։ Մատակարար ընկերություններից ոմանք գործարանային ճիշտ մակնշումը հայերեն սխալ են թարգմանել և թյուրիմացության մեջ գցել սպառողներին։
«Սուպերմարկետների մատակարար հանդիսացող ընկերություններից մենք պահանջել ենք, որպեսզի Հանձնաժողով ներկայացվեն նշված ապրանքների իրացումն ու ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր։ Դրանց ուսումնասիրություններից մի շարք խախտումներ են հայտնաբերվել»,- ընդգծեց ՏՄՊՊՀ անբարեխիղճ մրցակցության պաշտպանության բաժնի պետը և հավելեց, որ պարզվել է, թե սուպերմարկետները ապրանքները ձեռք են բերել որպես կաթ պարունակող խտացրած մթերք։
ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ վերոնշյալ ապրանքների երկու տեսակ՝ բուսական և կենդանական ծագման, ունեն և՛ համային, և՛ որակական, և՛ գնային էական տարբերություններ։ Կենդանական յուղերից կամ բացառապես մաքուր կաթից ստացված ապրանքը մոտ 40 տոկոսով թանկ է բուսական ծագման մթերքից։
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն էլ իր հերթին ասաց, որ տնտեսավարողները խիստ նկատողություն են ստացել, և կրկնվելու դեպքում կիրառվելու են ավելի խիստ պատժամիջոցներ։
«Խնդիրը կայանում է նրանում, որ բոլոր խանութներում վաճառում են կաթ պարունակող մթերք՝ խտացրած կաթի փոխարեն։ Նույն դեպքը կրկնվում է նաև խտացրած հալած պանրի դեպքում։ Ամենամեծ մեղավորները, իհարկե, մատակարարներն են, բայց իրենց մեղքի բաժինն ունեն նաև սուպերմարկետները։ Նրանք պետք է առավել ուշադիր լինեն իրենց վաճառած ապրանքների նկատմամբ»,- ասաց Արտակ Շաբոյանը՝ հավելելով, որ իրենք ուսումնասիրություններն իրականացրել են փաստաթղթերի միջոցով։
Հանձնաժողովը վերը նշված բոլոր գործողությունները որակել է որպես հասարակության մոլորեցում, անբարեխիղճ մրցակցության դրսևորում և թվով 30 տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոց։ Դրանցից 8-ը հանդիսանում են սուպերմարկետ, իսկ 22-ը՝ մատակարար։